«Սարսափելի մի բան է կատարվել». Պարույր Հայրիկյան
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խոսեց վերջին օրերի առավել քննարկվող իրադարձությունների մասին:
Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է՝ որպես կասկածյալ, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն քրեական գործի շրջանակում: Պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս գործընթացները, Պարույր Հայրիկյանն ասաց.
«Մի քիչ զավեշտի է սա նման. Արա Բաբլոյանը Սերժ Սարգսյանի թիմից պայքարել է Գագիկ Հարությունյանի դեմ, որը նույնպես Սերժ Սարգսյանի թիմից է: Հիմա սրանք էլ դարձել են Գագիկ Հարությունյանի պաշտպանը: Գժանոց է դառնում: Գագիկ Հարությունյանը նախորդ բոլոր ռեժիմների ամենահավատարիմ սպասավորն է եղել. Ճիշտ է՝ ինձ ընկեր էր համարում, ես էլ իր նկատմամբ լավ էի տրամադրված, բայց ամենաստոր կերպով է վարվել մեր ժողովրդի հետ, որովհետև ընդունեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահի իրավասությունները՝ չունենալով այդ իրավունքը»:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նա ասաց. «Հրայր Թովմասյանը նույնպես եղել է այդ հանցավոր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, ունեցել է որոշիչ դերակատարություն, եղել է թշնամի ինձ ու մեր ժողովրդին, բայց այս պահին ես մոռանում եմ այդ ամենը ու նայում եմ երևույթին՝ կա գործող Սահմանադրություն, դու ուզում ես դրանից վեր կանգնել ու քո կամքը պարտադրել. սա նույնպես մեծ հանցագործություն է: Այսինքն՝ այն, ինչ այսօր կատարվել է Հրայր Թովմասյանի նկատմամբ, սովորական իշխանության չարաշահում է, և արդեն գործը հասնում է լկտիության»:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ այսօրվա իշխանության առջև ծառացած հարցերը հիմնականում կապված են Սահմանադրության հետ.
«Նիկոլ Փաշինյանն ուներ աջակիցների մի փոքր խումբ՝ անկիրթ, որոնք ասում էին՝ հետո՞ ինչ, որ Սերժ Սարգսյանն այդ Սահմանադրությունը գրել էր իր համար, հիմա էլ մենք դա կօգտագործենք: Այո, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև հատկապես ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը նշում էին, որ որպես փաստաթուղթ՝ Սահմանադրությունն անորակ է, երկրորդ՝ ընդունված է ապօրինություններով: Ես Փաշինյանին աջակցում էի հենց դրա համար»:
Ինչ վերաբերում է այս օրերին քննարկվող Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականին, որով կրկնակի բարձրացվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը, Պարույր Հայրիկյանն ասաց, որ խոսքը քաղաքացիների գումարի մասին է, որն օրենքով հավաքվել է և դրվել իշխանությունների վստահության տակ, և սա, ըստ նրա՝ այն հարցը չէ, որ գաղտնիություն է պահանջում.
«Եվ այն պահից, երբ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի կառավարական համակարգում դա կարող է համարել գաղտնիության արժանի տեղեկատվություն, կամ Նիկոլ Փաշինյանն անմիջապես պետք է նրան հեռացնի աշխատանքից՝ ասելով, որ՝ մենք ժողովրդի ծառան ենք, ժողովուրդն է երկրի տերը, այդ փողի տերն էլ ժողովուրդն է, կամ էլ՝ Աստված իր հետ: Մենք տեսանք, որ սարսափելի մի բան է կատարվել, և խոսքը գումարը չէ, այլ մոտեցումը, որ՝ ես կարող եմ ինձ թույլ տալ ձեր՝ ինձ տված գումարը ձեզնից գաղտնի ծախսել»:
Հայրիկյանը հավելեց, որ հեղափոխության ժամանակ Փաշինյանին աջակցել է ոչ թե պաշտոնի, այլ գաղափարի համար. «Ես պաշտոն պետք է ստանամ ժողովրդից, ոչ թե Քաջ Նազարի բախտով իշխանության եկած որևէ մեկից: Մենք աջակցել ենք, ես աջակցության համար չեմ ցավում, բայց ցավում եմ, որ նա հետևողական չեղավ»:
Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում