«Միակ բանը, որին պետք է այստեղ ուշադրություն դարձնենք, Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունն է». Արմեն Պետրոսյան

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի ֆոնին Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնեց Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին: Բաքու էր մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, և առանձին հանդիպումներ տեղի ունեցան՝ Էրդողան-Ալիև, Չավուշօղլու-Մամեդյարով: Բաքվում Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթաժողովի ժամանակ Էրդողանը Արցախի հարցի վերաբերյալ հանդես եկավ հերթական կոշտ հայտարարությամբ. «Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է՝ որպես փախստական, ապրել իրենց տներից, հայրենիքից հեռու: Ինչպես նշել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթիս ժամանակ, սա անընդունելի է: Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»:

Ադրբեջանական մամուլում այս հարցում մեծ ոգևորություն է. գրում են, որ Սիրիայի հյուսիսում գործողություններին կհաջորդեն գործողությունները Արցախում:

Էրդողանի հայտարարության, Սիրիայում տիրող իրավիճակի և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում զրուցել ենք արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:

Նա նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցների, փորձագիտական շրջանակների ձևակերպումներն իրականությանը չեն համապատասխանում, որովհետև իրավիճակն ու հիմնախնդիրները տարբեր են, տարբեր են նաև դերակատարների շահերը. «Միակ բանը, որին պետք է այստեղ ուշադրություն դարձնենք, Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունն է, որը նաև սիրիական հակամարտության և, առհասարակ, երկկողմ հարաբերությունների մակարդակում բավականին բարձր մակարդակի վրա է»:

«Թուրքիային է ձեռնտու լինելու»

Առաջիկայում Պուտին-Էրդողան հանդիպման հիմնական թեման, ըստ արաբագետի՝ լինելու է Սիրիան. «Քանի որ ներկայում արդեն աշխարհաքաղաքական միջազգային խոշոր դերակատարը Սիրիայում Ռուսաստանն է, և միայն Մոսկվան է, որ ի զորու է միջնորդի և կամուրջի դեր կատարել հակամարտող կողմերի միջև: Այս դեպքում Թուրքիայի նախագահի այցը ՌԴ և ակնկալվող բանակցությունները առաջին հերթին բխում են Թուրքիայի շահերից: Որոշակի շրջափուլում Թուրքիային է ձեռնտու լինելու կանխել ռազմական գործողությունները, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ հենց Թուրքիայի համար»:

Թուրքիայի նպատակները

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Թուրքիան վաղուց էր պլանավորել Սիրիայում գործողություն կատարել: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը, որը միակ ուժն էր, որը մինչ այս կանգնեցնում էր Թուրքիային նման գործողություն իրականացնել, հետ քաշվեց. «Հատկապես օգոստոսի սկզբից կողմերը համատեղ գործողությունների կենտրոն էին ստեղծել, որը և պետք է զբաղվեր այդ անվտանգության գոտու ձևավորման աշխատանքներով, բայց տարաձայնությունները շատ խորն էին, կողմերից մեկը կարծես թե չէր պատրաստվում գնալ փոխզիջման, ինչի պատճառով էլ ԱՄՆ-ը լվաց իր ձեռքերը և Թուրքիայի թողեց միայնակ այս գործողություններն իրականացնելու համար: Իհարկե, շատ ավելի արդյունավետ և առանց լուրջ կորուստների կլիներ, եթե այդ գոտին ձևավորվեր ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, բայց դա տեղի չունեցավ»:

Հարցին, թե՝ կոնկրետ ի՞նչ նպատակներով Թուրքիան որոշեց գործողություններ կատարել Սիրիայի հյուսիսում, արաբագետը պատասխանեց. «Մի քանիսն են նպատակները: Առաջնային նպատակը, անշուշտ, այն ռազմավարական կարևորության խնդիրն է, որ Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում կարծես թե ծրագրում է Սիրիայի հյուսիսում՝ բնակեցնել իրեն լոյալ էթնիկ կրոնական խմբերով և ստեղծել ազդեցության գոտի: Թուրքիան պլանավորում է այս հատվածում տեղավորել, իրենց տվյալներով՝ շուրջ 3.6 մլն սիրիացի փախստականների, որոնք հիմնականում սուննի արաբներ են: Այն, որ ռազմական, տնտեսական, քաղաքական ազդեցության գոտու դեր խաղալու է այդ տարածքը, եթե, իհարկե, Թուրքիային հաջողի ձևավորել այդ անվտանգության գոտին, և Թուրքիան կարողանալու է իր ներկայությունն ապահովել Սիրիայում»:

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Սիրիայում

Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ այս պահին իրավիճակը Սիրիայում բավականին հետաքրքիր է, մի քանի ուղղություններով ռազմական գործողություններ են ընթանում. «Եփրատ գետից արևելք 6 հիմնական բնակավայրեր կան, և դրանց ուղղությամբ է սկսվել ռազմագործողությունը, բայց շատ ավելի ակտիվ ռազմագործողություններ են իրականացվել Թալ Աբյադ և Ռաս ալ-Այն շրջանում, դրանք Եփրատից դեպի Իրաքի սահման ավելի կենտրոնական աշխարհագրական դիրք ունեն, և այս ուղղությամբ Թուրքիան արձանագրել է որոշակի հաջողություններ: Իհարկե, տեղեկատվությունը հակասական է. Թուրքիան հայտարարում է այդ բնակավայրերի հանդեպ ամբողջական վերահսկողության մասին, քրդական աղբյուրները նշում են, որ դիմադրություն է գնում, կամ վերադարձնում են առանձին թաղամասեր: Այսինքն՝ հստակ տեղեկատվություն չկա: Իսկ մնացած 4 շրջանների հետ կապված՝ նույն Քոբանին, կամ ավելի արևելք՝ Կամիշլին, այդտեղ այդքան էլ լայնածավալ ռազմագործողություններ չեն ընթանում, հատկապես՝ այդ ուղղություններով ավելի ոչ ցամաքային գործողությունների տրամաբանություն է՝ հրթիռակոծման կամ ռմբակոծման տարբերակն է աշխատում: Եվ կարևոր հանգամանք՝ արդեն քրդերի և սիրիական իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո սիրիական կառավարական ուժերը արդեն իսկ շարժվում են մի քանի ուղղություններով դեպի ռազմական գործողությունների ակտիվ գոտի»:

Սիրիայի հայ համայնքի մասին

Փորձագետը նշեց, որ սիրիահայ համայնքը հիմնականում Կամիշլիի և Ալ-Մալիքիայի շրջաններում է, որոնք, ըստ նրա՝ համեմատաբար նվազ ռազմական գործողությունների գոտիներ են. «Զոհեր, փառք Աստծո, դեռևս չունենք, բայց համայնքային կյանքն ամբողջովին խաթարվել է, չեն գործում դպրոցները, տարբեր կառույցներ, մարդիկ փորձում են տներում կամ ապահով վայրերում տեղակայված՝ սպասել հետագա գործընթացներին»:

Ինչո՞ւ ԱՄՆ-ը լքեց քրդերին

Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այս փուլում ԱՄՆ-ը միայնակ թողեց քրդերին: «Հարցի ամենալավ պատասխանը տալիս է Դոնալդ Թրամփը՝ չնայած հակասական բնույթի հայտարարություններով: Փաստացի, ԱՄՆ-ը, իրենց համոզմամբ, լուծել է այն խնդիրները, որ ունեին, մասնավորապես՝ հակաահաբեկչական պայքարի խնդիրը, որի հարցում տևական ժամանակ դաշնակցել են քրդերի հետ, և այստեղ հետաքրքրություն, թերևս, չեն տեսնում: Եվ մնալ, շարունակել իրենց ներկայությամբ պաշտպանել քրդերին, ԱՄՆ վարչակարգը անհրաժեշտություն չի տեսնում, և դրանով է պայմանավորված նրա նման դիրքորոշումը: Պետք է նշել, որ ԱՄՆ-ը տևական ժամանակ բավական բարդ իրավիճակում էր հայտնվել՝ անընդհատ մանևրելով երկու դաշնակիցների միջև՝ Թուրքիայի և քրդերի: Եվ այս դեպքում, ընդառաջելով մեկ դաշնակցին՝ չէր կարող անտեսել մյուս դաշնակցի պահանջները: Այս դեպքում մենք տեսանք, որ պարզապես չգտավ ընդհանուր միջնորդության հնարավորություն երկու դաշնակիցների միջև»,- պարզաբանեց նա՝ ընդգծելով՝ որքան էլ քրդական քարոզչամեքենան ԱՄՆ գործողությունները ներկայացնում է՝ որպես դավաճանություն, դա միանշանակ չի կարելի ընդունել:

«ԱՄՆ-ը անգամ Թուրքիայի հետ այդ պայմանավորվածության ամենաակտիվ շրջափուլում շարունակում էր Իրաքից ցամաքային ճանապարհով սպառազինություն տրամադրել քրդերին: Այսինքն՝ նրանք շարունակել են իրենց աջակցությունը և որոշակիորեն ստեղծել այն ենթակառուցվածքները, որոնցով քրդերը որոշակի ժամանակ կկարողանան դիմադրել Թուրքիային և նրա հովանավորյալ խմբավորումներին»,- ասաց նա:

Ի՞նչ սպասել առաջիկայում

Արմեն Պետրոսյանն ասաց, որ Թուրքիան ինչքան ժամանակ և հնարավորություն ունենա, փորձելու է խորանալ Սիրիայի տարածքում. «Չնայած արդեն Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ ավելի քան 400 կմ երկարությամբ և 33 կմ խորությամբ այդ գոտին ձևավորվել է, բայց ես կարծում եմ, որ այս հայտարարություններն ավելի շատ քարոզչական հարթությունում են, արդեն թուրքերը կանգնած են որոշակի խոչընդոտների առջև: Հիմնականում սիրիական կառավարական ուժերի և Ռուսաստանի միջնորդական քաղաքական դերակատարությունից է կախված Թուրքիայի հետագա առաջխաղացումը: Իրավիճակը շարունակելու է լարված մնալ: Շատ բան կախված է ԱՄՆ փոխնախագահի այցից Թուրքիա, և առաջիկա օրերին Թուրքիայի նախագահի այցից ՌԴ: Թերևս, այս երկու հանդիպումները բավական լուրջ ազդեցություն կունենան՝ իրադարձությունների հետագա զարգացման հետ կապված»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս