Բաժիններ՝

ՀՀ ԱԺ-ն Սինգապուրի խորհրդարանի հետ բարեկամական խումբ է ձեւավորում. Արարատ Միրզոյանը՝ Լի Սյեն Լունին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ եւ ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս հիացած են սինգապուրյան հրաշքով ու զարգացման այն մոդելով, որը հաջողվել է կառուցել Սինգապուրում: ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ հարաբերությունները խորացնելու առումով: «Իհարկե, մեզ համար օրինակելի է տնտեսական զարգացման ձեր մոդելը եւ, մենք կարծում ենք, որ բազմաթիվ դասեր ունենք քաղելու: Նաեւ ուզում եմ ասել, որ շահագրգռված ենք երկու խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացմամբ եւ արդեն իսկ մեր խորհրդարանում սկսվել է գործընթաց՝ Սինգապուրի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ձեւավորելու ուղղությամբ: Ես մեծ հույս ունեմ, որ Սինգապուրը եւս այդպիսի հետաքրքրություն կդրսեւորի»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ շատ երջանիկ է Հայաստանում առաջին անգամ գտնվելու համար: Ըստ նրա՝ ե՛ւ Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության ե՛ւ՛ նրա անդամ պետությունների միջեւ ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ու Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը եւս կնպաստեն հարաբերությունների զարգացմանը: «Մենք ջերմ բարեկամական եւ դիվանագիտական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Ցանկանում ենք խորացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի խորհրդարանի հետ, խորհրդարանական բարեկամական խումբ նույնպես կստեղծենք»,- ասել է Լի Սյեն Լունը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սինգապուրի վարչապետին՝ ջերմ խոսքերի եւ ցուցաբերվող հետաքրքրության համար, նաեւ ուրախությամբ նշել, որ Սինգապուրում որոշում կա՝ հաջորդ տարի անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր: «Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է եւս մեկ անգամ անդրադառնալու մեր մշակութային ժառանգությանը, եւ վստահ եմ, որ սա նաեւ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման համար: Հայերը տեսնելու շատ բան ունեն Սինգապուրում, եւ վստահ եմ, որ սինգապուրցիները՝ տեսնելու շատ բան Հայաստանում: Հուսով եմ, որ դուք ձեր այցի ընթացքում համոզվեցիք դրանում: Մենք մեծապես կարեւորում ենք Արեւելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ դրա լավագույն ապացույցներից մեկն է՝ Եվրասիական տնտեսական միության հետ կնքվող, քննարկվելիք եւ արդեն ստորագրվող փաստաթուղթը: Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս փաստաթղթից»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Սինգապուրի վարչապետը նշել է, որ Հայաստանում հանդիպել է սինգապուրցի զբոսաշրջիկների: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է իր երկրի զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրությունը եւ համաձայնել, որ Սինգապուրի ու Հայաստանի միջեւ վերոնշյալ ոլորտը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի համար զգայուն երկու հարցի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ ինչպես բազմաթիվ երկրներ, Սինգապուրը եւս պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաեւ կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Նաեւ ուզում եմ, որ դուք՝ որպես մեր միջազգային գործընկերներ, վստահ լինեք, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն անշեղորեն շարժվելու են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու, արհեստական տնտեսական մոնոպոլիաները վերացնելու, դատական իշխանության անկախությունը հաստատելու եւ իրավական բարեփոխումների ճանապարհով: Կարծում եմ՝ մեր գործընկերների համար սա կարեւոր է իմանալ, որպեսզի կանխատեսելի գործընկերային հարաբերություններ կարողանան հաստատել»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Սինգապուրի վարչապետը հաջողություն է մաղթել Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս