«Ես սկսում եմ մտածել, որ կցանկանայի աշխատել երիտասարդների հետ, կրթել և մարզել նրանց». Մեսսիի բացառիկ հարցազրույցը
Անցյալ երկուշաբթի Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ ՖԻՖԱ-ի «Լավագույնը» մրցանակաբաշխությունը: Լիոնել Մեսսին առաջին անգամ ստացավ այս մրցանակը, չնայած՝ վեցերորդ անգամ ճանաչվել է տարվա լավագույն խաղացող:
Մրցանակաբաշխությունից հետո Մեսսին բացառիկ հարցազրույց է տվել ՖԻՖԱ-ին:
– Դուք շահել եք բազմաթիվ մրցանակներ, բայց սա ձեր առաջին The Best մրցանակն է: Ի՞նչ եք զգում:
– Ես շատ ուրախ եմ, որ ստացա այս մրցանակը: Միշտ ասում եմ, որ անհատական պարգևներն ինձ համար երկրորդական են, քանի որ թիմն ավելի կարևոր է: Սա հատուկ երեկո է, քանի որ ես բախտավոր էի, որ կինս և իմ երեք երեխաներից երկուսը այստեղ են: Նրանց հետ այս պահը վայելելու հնարավորություն ունենալը եզակի է:
– Բացի այս մրցանակաբաշխությունից, ի՞նչ արդյունքներ կարող եք ամփոփել անցած մրցաշրջանում:
– Դա տարօրինակ էր: Մենք ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրինք, և հետո մեկ խաղը փոխեց ամեն ինչ («Բարսելոնայի» պարտությունը «Լիվերպուլից»՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում): Այնպիսի հսկայական հիասթափություն էր, որ մենք պարզապես ոչ մի կարևորություն չէինք տալիս Լա Լիգային, և մենք պատշաճ կերպով չէինք պատրաստվել Copa del Rey-ի եզրափակչին: Դա այն էր, ինչ մեծ հարված էր մեզ համար: Այս մեկ հանդիպումն իր հետքն է թողել մրցաշրջանում, որը հիանալի զարգանում էր: Մենք այնքան մոտ էինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելուն, բայց պարտությունը շատ ցավալի էր:
– ՈւԵՖԱ-ի վերջերս կայացած արարողության ժամանակ շատ ընկերական էիք շփվում Ռոնալդուի հետ: Ինչո՞ւ են մարդիկ զարմանում, երբ ձեզ միասին են տեսնում:
– Վերջին մի քանի տարիներին մեր միջև զարգացած մեծ սպորտային մրցակցության պատճառով: Մեզանից մեկը խաղում էր «Բարսելոնայի» համար, իսկ մյուսը՝ «Ռեալի» կազմում: Եվ նաև այն պատճառով, որ մենք շահեցինք շատ անհատական մրցանակներ:
Մարդիկ կարծում են, որ մեր մրցակցությունը ֆուտբոլից դուրս է, բայց այդպես չէ: Մենք երկուսս էլ ցանկանում ենք այն, ինչը լավագույնն է մեր թիմերի համար, և մեզանից ոչ մեկը չի սիրում պարտվել:
Սա այն է, ինչ մենք չենք ընդունում: Այդ իսկ պատճառով մեր միջև կա այդպիսի մրցակցություն: Կարևորն այն է, որ նա այնտեղ է մնում՝ դաշտում:
– Մրցաշրջանի սկզբում մենք «Բարսելոնայում» տեսանք մի քանի նոր դեմքեր, ինչպիսին է Անսու Ֆատին: Ի՞նչ կարծիքի եք նրա ներուժի մասին:
– Ես իրոք սիրում եմ նրան և փորձում եմ օգնել և աջակցել: Նա հրաշալի խաղացող է և ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ է անընդհատ նրան ուշքի բերելը, ինչպես ժամանակին արեցին ինձ հետ: Դա շատ կօգնի հաջողության հասնելու ճանապարհին: Պետք է հիշել, որ նա ընդամենը 16 տարեկան է: Հուսով եմ, որ նա շարունակում է վայելել այս ամենը, և, որ նրա շուրջ պտտվող ամբողջ աղմուկը բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ նա ունի որակներ՝ լավագույններից մեկը դառնալու համար:
– Այսպիսով, այժմ դուք կարող եք հասկանալ, թե ինչպես էր Ռոնալդինիոն վերաբերվում ձեզ, երբ դուք նոր էիք սկսում:
– Ռոնալդինիոն, ինչպես նաև Ֆրանկ Ռայկարդը, ով այդ ժամանակ մարզիչ էր: Իրականում ես կասեի՝ ամբողջ թիմը: Բոլորն ինձ այս կամ այն կերպ օգնում էին, մանավանդ մարզիչը, երբ նա ինձ դուրս էր թողնում հիմնական կազմից, ես բարկանում էի: Հիմա, երբ մեծացել եմ, ես հասկանում եմ, որ ինձ համար դա ավելի լավ էր, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան դրա համար:
– Արգենտինայի հավաքականը նույնպես մեծ փոփոխությունների է ենթարկվում: Ձեր թիմակիցներից ո՞րն է ձեզ ամենաշատը զարմացրել:
– Ես չէի ասի, որ նրանք ինձ զարմացրին, քանի որ ես դրանից առաջ գիտեի նրանց մասին և պատկերացում ունեմ, թե ինչի են նրանք ընդունակ: Ես նրանց տեսնում եմ ակումբներում, և ես գիտեի նոր սերնդի առաջացման մասին: Նրանք ինձ զարմացրեցին մեկ այլ տեսանկյունից՝ մարդկային: Շատերն էին, ում ես անձամբ չէի ճանաչում, և զարմանալի էր, որ ես կարողացա իրենց հետ անցկացնել Ամերիկայի գավաթը և տեսնել, որ, բացի գերազանց խաղացողներ լինելուց, նրանք շատ լավ և աշխատասեր մարդիկ են:
– Լիոնել Սկալոնին շարունակական հիմունքներով տեղ գրավեց Արգենտինայի հավաքականում: Ինչպե՞ս կնկարագրեք նրան:
– Նա մարզիչ է, ով հստակ մտքեր ունի, նա շատ լավ հասկանում և տեսնում է ֆուտբոլը: Հեշտ է հասկանալ, նա լավ աշխատանք է կատարում և գիտի, թե ինչպես վարվել խաղացողների հետ: Կարծում եմ, որ նրանք ճիշտ են արել՝ նրան աշխատանք առաջարկելով:
– Խոսելով Սկալոնիի մասին և նայելով Պաբլո Այմարային՝ ապագայում ձեզ մարզչի դերում տեսնո՞ւմ եք:
– Միշտ ասում էի` ոչ, բայց դու երբեք չգիտես: Ես նայում եմ նրանց և սկսում մտածել, որ կցանկանայի աշխատել երիտասարդների հետ, կրթել և մարզել նրանց, բայց հենց հիմա անկեղծորեն գաղափար չունեմ, թե ինչպես է դա տեղի ունենալու: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ մի քանի տարի հետո: Չգիտեմ:
– Խոսելով մարզչի մասին, մենք պետք է ձեզ հարցնենք Դիեգո Մարադոնայի՝ արգենտինական ֆուտբոլ վերադառնալու մասին: Տեսա՞ք, թե ինչպես է նա սկսել իր նոր գործը:
– Այո: Ակնհայտ է, որ ես ուրախ եմ, որ տեսնում եմ, որ նա վերադառնում է մարզչական աշխատանքի: Ես թիմում էի, երբ նա գլխավոր մարզիչ էր, և նա իսկապես վայելում էր դա, ապրում էր առավելագույն չափով: Նա նույնը պետք է անի հիմա «Գիմնասիայի» հետ: Ուրախ եմ, որ նա վերադարձավ արգենտինական ֆուտբոլ, որտեղ պետք է լինի:
– Իսկ ինչ վերաբերում է ձեզ՝ Դուք մտածո՞ւմ եք ավարտել ձեր կարիերան Արգենտինայում:
– Այո: Դա այն է, ինչ ես միշտ ասում էի, այնպես չէ՞: Իմ մանկության երազանքը «Նյուելի» շապիկով խաղալն է, չնայած ես չգիտեմ, թե կարո՞ղ եմ դա իրականացնել: Ամեն ինչ կախված է ոչ միայն ինձանից: Ես երեք երեխա ունեմ:
– Լա Լիգա, Չեմպիոնների լիգա և Ամերիկայի գավաթ. ո՞րն է այս մրցաշրջանում Լիոնել Մեսսիի հիմնական նպատակը:
– Բոլորը: Արդեն չորս տարի է անցել Չեմպիոնների լիգայում հաղթելուց, և մենք իսկապես ցանկանում ենք կրկին նվաճել այն: Մենք գիտենք, սակայն, որ, եթե մենք ամեն օր չաշխատենք, չենք կարողանա հաղթել: Ինչ վերաբերում է Cope America-ին, ես իրոք անհամբերությամբ սպասում եմ, որ կրկին խաղարկեմ մրցաշարը:
Սիրարփի Աղաբաբյան