Քաղավիացիայի պերճանքն ու թշվառությունը

1933 թվականից ի վեր սեպտեմբերի 30-ը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման օր: Հայաստանի քաղավիացիայի պատմության մեջ եղել են հիշարժան դեպքեր, փառահեղ ավիատորներ, սրտացավ ղեկավարներ: Բայց այս մի դեպքը բնավ էլ չի տեղավորվում թվարկածների շարքում:

Այս մի դեպքն իր մեջ ամփոփում է խորը և համապարփակ մի իրականություն, որի անունն է հայկական ավիացիայի առաջին կին ղեկավար: Կին, ով իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում հասցրել է զարմացնել և հիացնել ոլորտային իր «փայլուն» գիտելիքներով և արտահայտած «իմաստալի» մտքերով: Կին, ում, իր իսկ խոսքերով, ձեռք չի տալիս՝ զարգանա փոքր ավիացիայի ոլորտը: Կին, ում համար, կրկին իր իսկ խոսքերով, գլխացավանք է երկնքում շատ օդանավերի լինելը: Կին, ում համար խնդիր չէ հայ ժողովրդի գումարների հաշվին անիմաստ և անարդյունք գործուղումների գնալը: Թերևս, այս շարքը կարող ենք անընդհատ շարունակել, բայց ցանկանում ենք մի կարևոր փաստի վրա կենտրոնանալ:

Ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է ուզում, կամ, տվյալ դեպքում, ասում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Ճաղարյանը հեռակա բանավեճի մեջ են մտել ոլորտային մի քանի կարևոր հարցերի շուրջ: Սա, թերևս, Նոր Հայաստանի բացառիկ դեպքերից է, որ գրանցվեց օրեր առաջ: Սա այն դեպքերից է, երբ ՔԱԿ նախագահի մտքերի տեղատարափը վարչապետի խորհրդականը գնահատում է՝ որպես «անամոթ ստերի բենեֆիս»: Թերևս, գլոբալ ասած, մի կառույցի երկու անդամների նման պայքարը նորմալ երևույթ կլիներ այն դեպքում, երբ գործ ունենայինք ոլորտին գիտակ երկու անդամների հետ: Բայց այս դեպքն այլ է:

Ցավոք, ավիացիայի ոլորտը շարունակում է կառավարել ոլորտից բավականին հեռու գտնվող, Կոպենհագենի օդանավակայանի կողքից Հայաստանի ավիացիա չտեղափոխված մի աղջնակ, ով արդեն իսկ հոգնեցրել է դրոշակ սարքած Wiz Air և Ryanair ընկերությունների հետ բանակցություններով և բոլորիս մոտ իր ստահոդ խոստումներով սպասումներ ձևավորելով: Աղջնակ, ում «արդյունավետ» աշխատանքի արգասիքը, որպես փաստ, արտահայտվում է միայն արևայրուքի տեսքով, որը դժվար էլ հասցնի անցնել, քանի դեռ Տաթևիկը շարունակում է ՔԱԿ-ի նախագահ մնալ:

Աղջնակը, թերևս, ճիշտ կաներ, եթե ժամանակին ընդուներ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոմպլիմենտը՝ «սիրուն աղջկա տիտղոսը», և լքեր պաշտոնը, սակայն նա ուրիշ բնավորություն ունի, նա պայքարող է:

Շնորհավոր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օրը…

Տեսանյութեր

Լրահոս