Բաժիններ՝

Ինքնասպանությունների թվաքանակն ԱՄՆ-ի զինծառայողների շրջանում հասել է ռեկորդային մակարդակի

Ինքնասպանությունների թվաքանակն ԱՄՆ-ի զինված ուժերի գործող զորամասերում 2018 թվականին հասել է ռեկորդային մակարդակի. իրենց կյանքին վերջ են տվել 325 զինծառայողներ: Այդ մասին Պենտագոնը հայտնել է սեպտեմբերի 26-ին հրապարակված զեկույցում, որում վերապահում է արվում, որ համապատասխան վիճակագրությունը վարում են 2001 թվականից։

Ինչպես նշել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, բանակում (ԱՄՆ-ում այդպես են անվանում ցամաքային զորքերը) իրենց կյանքին վերջ են տվել 139, ռազմածովային ուժերում՝ 68, ռազմաօդային ուժերում՝ 60 եւ ծովային հետեւակի զորակազմում՝ 58 մարդ: Պենտագոնի տվյալների համաձայն, անցյալ տարի զինվորական ծառայության մեջ է եղել 1,35 մլն զինվոր, նավաստի, օդաչու եւ ծովային հետեւակային:

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին ինքնասպանություն է կատարել 285 զինծառայող, 2016 թվականին՝ 280, 2012 թվականին՝ 319, 2009 թվականին՝ 310: Բացի այդ, անցյալ տարի ինքնասպանություն է գործել 135 ազգային գվարդական եւ 81 պահեստազորային:

Միագումար ստացվում է 541 մարդ, ինչն զգալիորեն գերազանցում է ամերիկացի այն զինծառայողների թիվը, որոնք ամեն տարի զոհվում են Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում տեղի ունեցող մարտական գործողությունների գոտիներում: Այսպես, Պենտագոնի կորուստները 2017 թվականին կազմել են 31, 2016 թվականին՝ 26 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս