«ՍանիՏեքի» կին աշխատակիցներն այսօր երեխաների հետ են եկել բողոքի ակցիայի
Արդեն երկրորդ օրն է՝ «ՍանիՏեքի» աշխատակիցները ցույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց օգոստոս ամսվա աշխատավարձը: 168.am-ի հետ զրույցում «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն ասաց, որ գիշերն այնտեղ չեն մնացել, սակայն առավոտյան վերադարձել են.
«Երեկոյան տուն ենք գնացել, առավոտից կրկին այստեղ խաղաղ նստացույց-ակցիա ենք իրականացնում»:
Ցուցարարները երեկ պահանջում էին անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպել, սակայն այսօր արդեն նման հույսեր չունեն և ուզում են միայն, որպեսզի իրենց աշխատավարձերը հնարավորինս շուտ փոխանցեն:
«Առավոտից սուրհանդակներ են ուղարկում, որոնք տարբեր ուղղորդող հորդորներ են անում: Ասում են՝ դադարեցրեք ակցիան, գնացեք «ՍանիՏեքից» պահանջեք ձեր գումարները»:
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները գալիս են և ցուցարարներին առաջարկում իրենց սեփական միջոցներով տուն հասցնել.
«Փաստորեն, իրենց միակ նպատակը մարդկանց այստեղից տուն ուղարկելն է»:
Ցույցի մասնակից կանայք այսօր երեխաների հետ են եկել, ասում են՝ այլ տարբերակ չունեն: Վատացել է ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը, ում համար շտապ օգնության բրիգադ է ժամանել:
Հիշեցնենք՝ «ՍանիՏեքի» աշխատակիցները երեկ էլ էին Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ավագանու անդամները նրանց ասացին, որ քաղաքապետարանն իրավական լուծումը գտել է՝ պահանջել է «ՍանիՏեքից» տալ իրենց աշխատակիցների աշխատավարձերի ցուցակը, որ Երևանի քաղաքապետարանի փոխհատուցի իր քաղաքացիներին, սակայն «ՍանիՏեքը» ցուցակները չի ուղարկել, իսկ ընկերությանը քաղաքապետարանից հրաժարվում են գումար փոխանցել. վստահ չեն, որ այն աշխատողներին կհասնի:
Gepostet von Sona Aghekyan am Donnerstag, 26. September 2019
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ