Կառավարությունն արտոնություններ սահմանեց «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի նկատմամբ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Կառավարության հերթական նիստին ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի տարածքում թույլտվություն տալ:
«Նախագծով նախատեսվում է «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում շահագործողի թույլտվություն տալ՝ ֆոտովոլտային պանելների արտադրության իրականացման համար: Կազմակերպությունն այս գործունեությամբ զբաղվում է 2013 թվականից: «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է իրականացնի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում իր կողմից արտադրված արտադրանքի ծավալի առնվազն 75 տոկոսի արտահանում ՀՀ տարածքից դուրս»,- ասաց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված է ծրագրով ստեղծել 15 նոր աշխատատեղեր՝ 300 հազար միջին աշխատավարձով, իսկ ծրագրի իրականացման համար ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի 2,6 ԱՄՆ դոլար:
Կառավարությունը միաձայն ընդունեց նախագիծը:
Կառավարությունը մաքսատուրքից ազատվելու արտոնություններ սահմանեց նաև «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ին, որը գործում է Վանաձորում՝ հագուստի արտադրության ոլորտում:
«Այդ արտադրությունում աշխատում են 1100 աշխատակիցներ, նախատեսված է ներդրումներից հետո աշխատատեղերի քանակն ավելացնել մոտ 250-ով»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:
Զվարթ Խաչատրյան