«Ձերբակալությունների գործելաոճն արդեն այդքան էֆեկտիվ չէ, որքան մեկ տարի առաջ. այդ շոուներն արդեն անցած տարվա խաղացանկից են». Վիգեն Հակոբյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հրապարակումներից մեկում գրել էր. «Արդյո՞ք բոլորին բանտերով սպառնալը չի բերելու երկրում անվերահսկելի ռեպրեսիվ մեքենայի գործարկմանը, որից պետությունները դուրս են գալիս միայն թանկ գին վճարելով»:

168.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա նման մտահոգություններ տեսնո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ ընդհանրապես, միշտ էլ այդ սահմանը կա, որը շատ նուրբ սահման է, թե երբ է վերջանում իրավական դաշտը, և երբ է սկսվում քաղաքական ռեպրեսիոն դաշտը:

«Դա բավականին նուրբ դաշտ է, և ոչ բոլոր իշխանություններն են սահուն կերպով իրարից տարբերում այդ ամենը: Թե՛ էյֆորիայի մեջ լինելով, թե՛ քաղաքական պայքարի թոհուբոհում շատ դեպքերում կորցնում են իրողության զգացումը: Բավականին նուրբ և վտանգավոր թեմա է, և առաջին հերթին՝ դա պետք է մտահոգի այսօրվա իշխանություններին, քանի որ իրենք ժողովրդավարական կարգախոսներով են եկել և պետք է կարողանան նույնիսկ ամենաբարդ շրջաններում… իսկ հիմա իշխանությունների համար բավականին բարդ շրջան է սկսվել, քանի որ այդ հեղափոխական էյֆորիան վաղուց մարել է, և հասարակության մեջ կան շատ կոնկրետ ակնկալիքներ, որոնք շատ դեպքերում չի լինում բավարարել, որն առաջացնում է հիասթափություններ, զանգվածային արտահայտություններ, երբեմն բունտեր՝ Ամուլսարի դեպքը դրա ապացույցն էր, և այս պայմաններում եղել են և կան, կլինեն բազմաթիվ իշխանություններ, որոնք կունենան գայթակղություն՝ փորձել ուժային մեթոդներով, այդ թվում նաև՝ ռեպրեսիվ մեթոդներով, հաստատել իրենց իշխանությունը»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Այս պարագայում, ըստ նրա՝ շատ կարևորվում է ոչ միայն՝ իշխանության սթափությունը, այլ նաև՝ հասարակության վճռականությունը. «Այսինքն՝ հասարակությունը ոչ միայն պետք է նվնվա և Ֆեյսբուքում ընդամենը ձայն բարձրացնի, այլ, եթե զգում է, որ նման դրսևորումներ են առկա, իրավական և քաղաքական դաշտի այդ սահմանը սկսում են անցնել, ապա պետք է լինեն նաև որոշակի ընդվզումներ, որպեսզի իշխանությանն օգնեն, որպեսզի նա չկորցնի զգոնությունը: Այս տեսակետից համաձայն եմ, որ կա այդ վտանգը, և մենք բազմիցս դրանով անցել ենք: 90-ականների սկզբներին, երբ նույնպես ժողովրդական հեղափոխություն էր Հայաստանում՝ արցախյան շարժումից ծնված, այն շատ արագ վերածվեց հակամարտության երկրի ներսում:

Ի վերջո, Հայաստանի պատմության ընթացքում հենց 90-ականներին ունեցել ենք համարյա նույն վիճակը, ունեցել ենք լիդեր, որը բավականին պոպուլյար էր, ոչ պակաս, քան Նիկոլ Փաշինյանը, ես նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, ունեցել ենք բավականին պոպուլյար իշխանություն, բայց ընդամենը 1-1.5 տարի հետո արդեն իսկ կար հզոր ընդդիմություն թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական ուժերի մեջ, և նույն Լևոն Տեր Պետրոսյանի զինակիցը և շարժման լիդերներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը, արդեն գլխավորում էր ամենաուժեղ ընդդիմադիր բևեռը:

Եվ հիմա մենք տեսնում ենք, որ նույն իշխանությունից էլ են մարդիկ պոկվում և քաղաքական հավակնություններ ցուցաբերում, սցենարը, ինչ-որ տեղ, կրկնվում է»:

Հարցին՝ Միքայել Մինասյանը ասել էր, որ Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար, նա չի բացառում, որ իր դեմ էլ կարող են գործընթացներ սկսվել, ՀՀԿ-ականներն էլ իրենց դեմ գործընթացներ սկսելու հավանականության մասին են նշում, այս մասին ինքն ի՞նչ կարծիք ունի, Վիգեն Հակոբյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ ձերբակալությունների գործելաոճն արդեն այդքան էֆեկտիվ չէ, որքան մեկ տարի առաջ, և մի քիչ պատկերավոր ասել եմ, որ այդ շոուներն արդեն անցած տարվա խաղացանկից են, այս տարվա տրենդներից չեն, դրանք հնացած են, մենք արդեն մի քանի անգամ դա տեսանք, անգամ Քոչարյանի պարագայում մենք չենք տեսնում, որ նույն հետաքրքրությունն արդեն կա հասարակության մոտ: Նույն Գագիկ Խաչատրյանի կալանավորումը, ձերբակալումը մեկ օրվա էֆեկտ ուներ: Ես կարծում եմ, որ հիմա իշխանությունն ավելի շատ պետք է զբաղվի սոցիալ-տնտեսական հարցերով, քաղաքական հարցերով, այլ ոչ թե՝ շոուներով, որովհետև այդ շոուների ժամանակը, կարծում եմ՝ անցել է: Գուցե այնպիսի իրավիճակ կստեղծվի ապագայում, որ նորից դրանք կակտուալիզացվեն, հիմա դուք անուններ եք հնչեցնում, նախկին նախագահի կամ իր մերձավոր շրջապատի մարդկանց անուններ, դրանք, բնականաբար, որոշակի էֆեկտ կարող են ունենալ, բայց այնուամենայնիվ, դրանք կարճաժամկետ էֆեկտ են ունենալու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս