Բաժիններ՝

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անհավասարությունը շարունակ աճում է, իսկ բացառման միտումները՝ ահագնանում». Նիկոլ Փաշինյան

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ.

«Ձերդ Գերազանցություններ,

տիկնայք եւ պարոնայք,

ուրախ եմ մասնակցել կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա ազդող միտումներին ու մարտահրավերներին նվիրված այսօրվա քննարկմանը: կայուն զարգացման նպատակները սահմանում են զարգացման համագործակցության հավակնոտ շրջանակ՝ նպատակ ունենալով վերափոխել հասարակությունները և հասնել կայուն ներառական տնտեսական աճի:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անհավասարությունը շարունակ աճում է, իսկ բացառման միտումները՝ ահագնանում: Հետևաբար, մենք պետք է քննարկենք  այն ուղիները, որտեղ կարող ենք միասին աշխատել՝ ներառական գործընթացների դրական օրինակների միջոցով մեղմելու առկա միտումները և մարտահրավերները։

Ներկայում Հայաստանը գտնվում է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրագործման փուլում, որի նպատակն է մեր ժողովրդին օժտել հնարավորինս լայն իրավասություններով, որպեսզի յուրաքնչյուր ոք կարողանա օգտագործել իր տաղանդն ու էներգիան հանուն կայուն զարգացող և բարգավաճ հասարակության:

Մենք խորապես համոզված ենք, որ հասարակության մեջ առաջընթաց չի կարող լինել, եթե դատական համակարգը հանրային վստահություն չվայելի: Եթե դատական համակարգը արդար չէ, կայուն զարգացում չի կարող լինել, տնտեսական աճ չի կարող գրանցվել, ներդրումներ չեն գա: Եվ մենք այժմ գտնվում ենք մեր դատական համակարգի բարեփոխման ուղիների և ձևերի մշակման գործընթացում:

Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ վերափոխեց կանանց դերը հասարակության մեջ: Այսօր մենք լիովին համոզված ենք, որ նրանք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին. հետևաբար մենք խթանում ենք կանանց իմաստալից մասնակցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բիզնեսում կանանց մասնաբաժինն աճում է: Կառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է Եվրամիությունում գրանցված միջին ցուցանիշին: ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք ավելի շատ կին, քան համաշխարհային միջին ցուցանիշն է: Այսօր մենք կանանց մեծ մասնակցություն ունենք խորհրդարանում, կառավարության բարձրագույն պաշտոններում:

Ընդհանուր տեսակետ կա, որ հեղափոխությունները բացասական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա: Այնուամենայնիվ, անցյալ տարի մեր տնտեսությունը թուլության որևէ նշան ցույց չտվեց: Ընդհակառակը, մեր ՀՆԱ-ն 2018-ին գրանցեց 5.2% աճ: Մեր ֆինանսական համակարգը բացարձակապես կայուն է եղել: Նույնիսկ մեր ազգային արժույթը մնաց կայուն, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր տարածաշրջանային արժույթների արժեզրկմանը։

2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է ընդհուպ 26%-ով: Եվ վերջապես, մենք մեր բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 25,1% -ով` ստվերային տնտեսության դեմ պայքարում մեր կառավարության կողմից ձեռնարկված կտրուկ միջոցների շնորհիվ:

Այժմ մենք վերափոխում ենք մեր հարկային համակարգը, որպեսզի գորխարար միջավայրն էլ ավելի բարելավվի Հայաստանում:

Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու և մեր տնտեսությունը հանքարդյունաբերականից բարձր տեխնոլոգիականի վերածելու  նպատակով: Զբոսաշրջությունը մեր տնտեսական առաջընթացի ևս մեկ կարևոր արագացուցիչ է: Մասնավորապես, մենք կենտրոնանում ենք մշակութային, էկոլոգիական և բժշկական տուրիզմի վրա:

Տնտեսական առաջընթացին միտված մեր քաղաքականության մեջ մենք կենտրոնանում ենք մարդկային կապիտալի վրա: Մենք առաջնահերթություն ենք տալիս մեր երիտասարդության կարողությունների զարգացմանը թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով: Այս ոլորտում կարևոր ձեռքբերումներից է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ հազարավոր հայ պատանիներ հնարավորություն ունեն սովորելու նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնը հիմնադրվել է Երևանում և արդեն գործում է մի շարք այլ երկրներում։

Տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրումը կարևոր խնդիր է Հայաստանի համար: Դժբախտաբար, մեզ արդեն իսկ սպառնում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը՝ միջինում գրանցելով Ցելսիուս ջերմաստիճանի 1,3 աստիճան բարձրացում, ինչը մեզ դարձնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 4-րդ ամենախոցելի երկիրը: Այս խնդրի լուծման համար մենք մշակում ենք կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, համաձայն  Գլխավոր քարտուղարի նախաձեռնած Կլիմայի գործողությունների գագաթաժողովում Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:

Մենք առաջնահերթություն ենք տալիս նաև ՄԱԿ-ի զարգացման համակարգի հետ համագործակցությանը՝ Խելացի զարգացման (Smart Development) ծրագրի շրջանակում: Այս գործընթացը ներկայումս փոխլրացվում է Հայաստան 2050-ի հավակնոտ տրանսֆորմացիոն ռազմավարության մեկնարկով, որը բաղկացած է 16 մեգանպատակներից:

Դեռ շատ անելիքներ ունենք: Մենք պետք է հաղթահարենք աղքատության շոշափելի մակարդակը մեր երկրում: Մենք դեռ պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիական առումով զարգացած և էկոլոգիապես մաքուր արդյունաբերության:

Կայուն զարգացման նպատակները կոչված են խթանելու մարդկային արժանապատվության, հավասարության և ժողովրդավարության արժեքները: Եվ մեր նպատակն է վերակենդանացնել և ամրապնդել այդ մարդակենտրոն արժեքները:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս