Իջևանի ընտրություններին ընդառաջ՝ կալանավորվածներին ազատ են արձակել  

Իջևանյան անտառահատների ու ոստիկանության՝ հուլիսի կեսերին տեղի ունեցած բախումների ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հասարակական լուրջ հուզումներ եղան Տավուշի մարզում։ Եղան նաև ձերբակալվածներ, որոնցից 13 անձի մեղադրանք առաջադրվեց։ Նրանցից 10-ը կալանավորվեցին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը, ինչպես նաև խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Ինչպես նաև մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հուլիսի 22-ի դրությամբ  քրեական գործի շրջանակներում 11 անձ դեռ որոնվում էր։

Եվ ահա 168.am-ին տեղեկություններ հասան, որ իջևանյան բախումների դեպքերով կալանավորված անձինք գտնվում են ազատության մեջ, և դա կապված է Իջևանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ։ Ներկայիս իշխանությունները, ովքեր մշտապես քննադատում էին նախկիններին ընտրություններից առաջ բանտերում գտնվող թաղային հեղինակություններին ազատ արձակելու և ընտրությունների ժամանակ ձայներ բերելու համար նրանց օգտագործելու մեջ, այժմ,  փաստորեն, իրենք են հաճույքով օգտվում այդ ռեսուրսից և իջևանյան բախումների ժամանակ առավել ակտիվություն ցուցաբերած կալանավորված անձանց ազատ արձակում, թերևս, համապատասխան ծառայության դիմաց։

Գաղտնիք չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը, նշանակել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ քաղաքապետի ընտրություններում արդեն իսկ նրան ընտրված քաղաքապետ տեսնելու ակնկալիքով։

Ի դեպ, Իջևանի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային սեպտեմբերին, սակայն, քանի որ ծառահատումների դեպքերով բախումներից հետո այստեղ մեծապես սասանվել էր Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, և սեպտեմբերին նրա թեկնածուն հաղթելու շանս չէր ունենա, որոշվեց այն տեղափոխել ավելի ուշ ժամկետներ, որպեսզի կարողանան լավ նախապատրաստվել, որ անակնկալներ չլինեն։

Իջևանում խոսում են, որ վարչապետի քավոր Հայկ Ղալումյանն անձամբ է այցելում կալանավորվածների ընտանիքներին, խոստանում միջնորդել վերջիններիս ազատ արձակել, միայն թե նրանք ընտրությունների ժամանակ աշխատեն իր օգտին ու ձայներ բերեն։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, եթե այդ անձինք հասարակական լուրջ վտանգավորության արարք էին կատարել, ավելին՝ մարմնական վնասվածքներ էին պատճառել իշխանության ներկայացուցիչներին, ինչո՞ւ են հիմա ազատության մեջ, իսկ եթե այնքան էլ ծանր չէր նրանց կատարած արարքը, ինչո՞ւ այն ժամանակ կալանավորվեցին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր այն հարցին, թե արդյո՞ք նշված կալանավորված անձինք ազատության մեջ են գտնվում, պատասխանեց, որ դատարանը փոխել է նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ազատ են արձակվել։

Իսկ ինչ վերաբերում է ապօրինի անտառահատումներին, ապա այդ դեպքերից հետո էլ դրանք կարծես թե շարունակվում են։ Ավելին, դեպքերից հետո փայտանյութի 1 խմ գինը զգալիորեն բարձրացել է։ Մարզերի այն բնակիչները, որոնք ձմռանը գազի փոխարեն փայտ են վառում, փաստի առաջ են կանգնել։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս