Facebook-ը տեսակապի համար սարքերի նոր մոդելներ է ներկայացրել
Facebook կորպորացիան նորացրել է տեսակապով խոսելու համար իր Portal սարքերի շարքը: Այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 18-ին հրապարակվել է նրա կայքում։
Facebook-ը Portal անվանումով սմարթ-դինամիկներ՝ էկրանով եւ խցիկով, առաջին անգամ ցուցադրել է 2018 թվականի հոկտեմբերին՝: Այն ժամանակ ընկերությունում հայտարարեցին, որ սարքերը նախատեսված են տեսակապով խոսելու համար, օրինակ՝ Messenger հավելվածի օգնությամբ: Ընկերությունն սկզբնապես ներկայացրել է երկու մոդել. 10 դյույմ (25,4 սանտիմետր) անկյունագծով դիսփլեյ ունեցող Portal-ը եւ Portal+-ը՝ 15,6 դյույմ (39,6 սանտիմետր) անկյունագծով: Սարքերի ծրագրային ապահովումը թույլ է տալիս որոշել, թե քանի մարդ է սենյակում գտնվում զրույցի ժամանակ, եւ խցիկը ֆոկուսավորել նրանց վրա:
Սեպտեմբերի 18-ին Facebook-ը ցուցադրել է ստանդարտ Portal՝ նոր դիզայնով, ինչպես նաեւ ութդյույմանոց (20,36 սանտիմետր) էկրանով Portal Mini-ն: Բացի այդ, ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է Portal TV անվանումով սարքը: Սա հեռուստացույցի՝ էկրան չունեցող կցուրդ է՝ խցիկով եւ միկրոֆոնով: Հեռուստացույցին միացնելիս սարքը թույլ է տալիս դրանով խոսել տեսակապով եւ պատկերի նկատմամբ կիրառել լրացված իրականության էֆեկտներ:
Ընկերությունում նշում են, որ Portal սարքերը երկու օգտատերերի թույլ են տալիս միաժամանակ միեւնույն տեսանյութը դիտել Facebook Watch հարթակում: Եթե զրուցակիցները ցանկանում են կարծիքներ փոխանակել դիտած տեսանյութի վերաբերյալ, ցուցադրությունն ինքնաբերաբար կանգ է առնում: Facebook-ում հավաստիացրել են, որ Portal-ը մշակելիս հատուկ ուշադրություն են հատկացրել սարքերի սեփականատերերի անձնական տեղեկատվության պաշտպանությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: