Սկանդալային միջոցառման կազմակերպիչը՝ համբուրվող տեսարանի և «քյարթուների» հրահրումների մասին
«Սատանիստական փարթի» որակված աղմկահարույց միջոցառման հեղինակը շոկի մեջ է իր նախաձեռնության արձագանքներից։ Համաձայն է, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցածը հարիր չէր բուհին, բայց դրա պատճառը «քյարթու» պահպանողականների միջամտություններն է համարում, և ոչ մի կերպ չի կիսում ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի տեսակետը, առ այն, որ խնջույքի մասնակիցները անպարկեշտ գործողություններ են իրենց թույլ տվել:
Գունավոր մազերով աղջիկների հյուրընկալվելու փաստը հաստատում է միջոցառման կազմակերպիչ Հայկ Մակիյանը. այո, եղել է նման բան։ Պիրսինգով մասնակիցների մասին խոսելիս հիշում է, թե ինչպես են դյուրագրգիռ որոշ տղաներ հենց նրանց պատճառով մուտք գործել տարածք և խանգարել՝ նպատակ ունենալով միջոցառումը տապալել:
Հայկ Մակիյանը վստահեցնում է, որ միջոցառումն իրականում նորարարական գաղափար է իր մեջ կրել, բայց դա արվել է զուտ ստեղծագործական իմաստով.
«Միջոցառումը, բացի երաժշտական մասից, որևէ կոնտեքստ, ենթամշակույթ, ԼԳՊՏ կամ սատանիստական քարոզչական ուղերձի ենթադրյալ շերտեր չի կրել, չկա նման բան: Սա զուտ երաժշտական միջոցառում էր, և ես ունեմ մի քանի հստակ փաստարկներ, որոնք հերքում են արձագանքներում տեղ գտած մեղադրանքներն ու վարկածները: Նախ այն, որ միջոցառումը բաց է եղել, սոցցանցով գովազդվել է և հայտեր է ամրագրել, սատանիստական ուղղվածության մասով կասեմ, որ մենք ծպտյալ չենք, աղանդ չենք և դրա մասին տարրական իմացություն ունեցողը, որ իր ամբողջ էներգիան ներդնի, միևնույն է, ոչ մի նույնացնող դետալ, տարր չի գտնի այս միջոցառման հետ»,-ասում է նա:
Միջոցառման մասնակիցների վարքագծի առումով Հայկ Մակիյանն ընդունում է, որ որոշ բացթողումներ եղել են, միևնույն ժամանակ՝ վստահեցնում է, որ դրանք կանխվել են տեղում՝ իր միջամտությամբ, որպեսզի լուրջ միջադեպի չվերաճեր:
«Մի քանի դեպք եղել է, բայց ԼԳԲՏ քարոզչություն կամ խրախուսող բաներ չէին դրանք, տեղում կանխվել են և դուրս են հրավիրվել այդ մարդիկ: Մենք անընդհատ խոսում ենք ներմուծվող մշակույթի վտանգների մասին, բայց ամենից վտանգավորը երևի քյարթույությունն է, ագրեսիվ անհանդուրժողականությունը նորամուծության նկատմամբ։
Այս կարծրատիպային մտածողներն իրենց ճանաչողության տիրույթից դուրս այլ բան չեն ուզում ընկալել և մերժում են տոտալ ձևերով, նրանք էին նախատրամադրվածությամբ պարբերաբար հյուրընկալվողները: Նրանք դեմ էին, որ կոնսերվատորիայի շենքում էլեկտրոերաժշտություն հնչի, միգուցե նաև գունավոր մազերով աղջիկների «սադրանքին չդիմացան»: Եղավ նաև համբուրող զույգի տեսարան, դա էլ կանխվեց, որ ձնագնդիի էֆեկտով մեծ պատմություն չդառնար: Պետք է ընկալել՝ էլեկտրոերաժշտությունը յուրահատուկ ժանր է, որն ինքնին ենթադրում է խիստ որոշակի մթնոլորտ, խավար, անկանոն թարթող լույսեր և մասնակիցների հետաքրքիր վարքագիծ: Ենթադրությունները, որ մասնակիցները սթափ վճակում չեն եղել, այդպես չէ, այդ երաժշտության ռիթմերն են ենթադրում այդպիսի շարժումներ»,- մեզ հետ զրույցում ասում է Հայկ Մակիյանը:
Կոնսերվատորիայի աշխատանքից հեռացված աշխատակցի համար Հայկն իրեն վատ է զգում, և համարում է, որ արդարացի չեն վարվել նրա հետ.
«Այդ անհարիր վիճակների համար պատասխանատուն ես եմ ու բացառապես ես, և լավ կլիներ, որ աշխատանքից հեռացված անվտանգության աշխատակցի փոխարեն ինձ ենթարկեին պատասխանատվության, ավելորդ անգամ մեղքի զգացում ունեմ: Ես «Ազատ արվեստակիրներ» ուսանողական ստեղծագործական նախաձեռնության անդամ եմ և սա իմ հերթական միջբուհական միջոցառումն էր: Ճիշտ է, ընտրված ժանրում այն բովանդակային առումով բացառիկ էր, կերպարվեստ-քանդակ միաձուլումից հետո առաջին անգամ փորձեցինք դասական և էլեկտրոնային երաժշտության մեղեդիները սինթեզել, բայց մեր նորարարական գաղափարից ստացված արդյունքն անմիջապես ստվերվեց սկանդալային տեսանյութի ու տարատեսակ մեկնաբանությունների տակ: Ընդհանուր առմամբ ես միջոցառումը ստացված եմ համարում` անկախ թյուրընկալումներից, թեև, խոստովանեմ, մեծ վախով նմանատիպ երկրորդ միջոցառմանը դիմեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Մակիյանը:
Հիշեցնենք, շաբաթ օրը՝ Կոմիտասի անվան պետական կոսներվատորիայի շենքում գիշերային խիստ արտասովոր խնջույք էր կազմակերպվել, որի գաղտնի տեսագրությունը փոխանցվել էր մեր խմբագրությանը և դրա հրապարակումը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Երաժշտական բուհի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ իր համաձայնությունը տվել է միջոցառման կազմակերպման համար, սակայն իրեն ի սկզբանե գաղափարը մատուցվել է որպես էլեկտրոնային երաժշտության երեկո, մինչդեռ արդյունքում, ռեկտորի խոսքով, ստացվել է անպարկեշտ մի միջոցառում, որը կանխվել է իր կողմից:
«Բուհում կազմակերպված այդ խնջույքը տևել է ժամը 20:00-22:00-ը, ընդ որում՝ սկսելուց մեկ ժամ հետո ես բուհի ուսխորհրդից և դասախոսական կազմից արդեն ահազանգեր ստացա, որ ինչ-որ արտասովոր բան են նկատել, գունավոր մազերով աղջիկներ են եկել դրսից, մի քանի արտասովոր արտաքինով երիտասարդներ, միջոցառմանը սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով, որպեսզի լույսի նշույլ չերևա, և ինչ-որ անպարկեշտ գործողություններ են կատարվել։ Ես անմիջապես կապ հաստատեցի անվտանգության աշխատակիցների հետ, հրահանգեցի միջոցառումը դադարեցնել և մասնակիցներին դուրս հրավիրել շենքից»,- մեզ հետ զրույցում ասել էր Սոնա Հովհաննիսյանը: Ռեկտորի խոսքով՝ իրականում փորձ է արվել էլեկտրոնային երաժշտության պատրվակով այդ արտասովոր միջոցառման համար բուհի տարածքը ծառայեցնել, սակայն ստացվել է բուհին անհարիր մեծ պատմություն:
Սյուզի Բադոյան