
«Սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով. մատուցվեց երեկույթ, ստացվեց անպարկեշտ մի բան». ռեկտորը՝ սատանիստական խնջույքի մասին

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում անցած շաբաթ օրը գիշերային ժամին տեղի ունեցած խիստ արտասովոր խնջույքի մասին ի սկզբանե տեղյակ է եղել երաժշտական բուհի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, բայց իր համաձայնությունը տվել է՝ որպես էլեկտրոնային երաժշտության հերթական երեկույթի կազմակերպման համար, արդյունքում ստացվել է բուհին անհարիր միջոցառում։ Այս մասին նա ասաց 168.am-ի հետ զրույցում:
«Դա սատանիստական միջոցառում չի եղել, ինչպես մեկնաբանվում է մամուլում, իրականում մեր բուհի ավարտած լավագույն ուսանողներից մեկը՝ Հայկը, որին արդեն որերորդ անգամ բուհում միջոցառումների կազմակերպում է վստահվում, և նա առնվազն 30 գեղեցիկ հանդիսությունների հեղինակ է, այս անգամ դիմել էր, որպեսզի թույլ տանք մեր ուսանողների համար էլեկտրոնային երաժշտության երեկույթ կազմակերպի:
Մենք չմերժեցինք, ավելին, նույնիսկ գրավոր հիմքի անհրաժեշտությունը չեղավ միայն այն պատճառով, որ մշտապես բարձրակարգ միջոցառումներ է Հայկն անցկացրել, և դրանք եղել են մշակութային, միջբուհական մերձեցման երեկոներ:
Շաբաթ օրվա կազմակերպած խնջույքը տևել է 20:00-22:00-ն, ընդ որում՝ սկսելուց մեկ ժամ հետո ես բուհի ուսխորհրդից և դասախոսական կազմից արդեն ահազանգեր ստացա, որ ինչ-որ արտասովոր բան են նկատել, գունավոր մազերով աղջիկներ են եկել դրսից, մի քանի արտասովոր արտաքինով երիտասարդներ, միջոցառմանը սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով, որպեսզի լույսի նշույլ չերևա, և ինչ-որ անպարկեշտ գործողություններ են կատարվել, ես անմիջապես կապ հաստատեցի անվտանգության աշխատակիցների հետ, հրահանգեցի միջոցառումը դադարեցնել և մասնակիցներին դուրս հրավիրել շենքից:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախապես ինձ մատուցվել է, որ էլեկտրոնային երաժշտության երեկո է նախատեսվել՝ ինչ-որ «Տիեզերք» կոչվող կազմակերպության հետ միասին, ես Հայկին չվստահելու կամ մերժելու որևէ հիմք չունեի, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց իրականում: Դրա համար ես դեռ պարզաբանումներ կստանամ որոշ մարդկանցից, արդեն իսկ հեռացված է անվտանգության աշխատակիցներից մեկը, Հայկի հետ զրույցում նա շարունակում է պնդել, որ եղել է սովորական միջոցառում, պարզապես ընկալումներ և այլաբանական մեկնաբանություններ են հնչել»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Ռեկտորի խոսքով՝ իրականում փորձ է արվել էլեկտրոնային երաժշտության պատրվակով էդ արտասովոր միջոցառման համար բուհի տարածքը ծառայեցնել, չնայած այս ամենի տակ ինքն իր դեմ արշավի նշաններ է տեսնում: Հարցին, թե ովքեր են իր դեմ գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում, բուհի ռեկտորն ակնարկում է իրենց ենթակայության տակ գտնվող, բայց մասնավորի շահին ծառայող մի շարք կազմակերպությունների հետ խզվող պայմանագրերը: Ասում է՝ «բուհի տարածքը միմիայն ուսանողին պիտի ծառայի, մեզ այդ գրոշների վարձակալությունը պետք չէ»:
Ուսումնական հաստատության ներսում կազմակերպած խիստ արտասովոր խնջույքին, ասում են, ներկա է գտնվել նաև դասախոսներից մեկը՝ չնշելով, սակայն, նրա ով լինելը:
Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մի ամբողջ գիշեր՝ Կոնսերվատորիայի շենքում, ուսանողներից մեկի փոխանցմամբ՝ իրականում ռեկտորի իմացությամբ է կազմակերպվել: 168.am-ի հետ զրույցում նկարագրելով տեսածը՝ զրուցակիցը սատանիստական փարթի որակեց այն։
Սյուզի Բադոյան