Բաժիններ՝

«Տարիֆների մասին գիրքը Սուրբ գրքի նման պահում էին ու ներկրողին ինֆորմացիա չէին տրամադրում»

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերը բարձր են Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների համար ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում, որոնց զգալի մասը 5 տարով էր և ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: Բարձրացումներից մեկը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելանալու է: Ի դեպ, ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները:

Խնդրին անդրադառնալով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց.

«Դրա նպատակը բացառապես ավտոտրանսպորտային միջոցների շարժակազմի թարմացման խնդիրն է. ճիշտ է, այսօր բնակչության մի զգալի խավ տուժում է դրանից, սակայն պետք է անկեղծ լինենք, որ բազմաթիվ երկրներ վաղուց հրաժարվել են ավելի տարիքով ավտոմեքենաների ներկրումներից»:

Խոսելով ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման բացասական ու դրական ազդեցություններից՝ նա  ասաց. «Վնասների առումով ակնհայտ է, որ մեքենաները թանկանալու են, սակայն մի հանգամանքի վրա ես կցանկանայի շեշտադրում կատարել, որ թանկացումն այսօր որևէ մեկը միանշանակ չի կարող գնահատել:  Նախկինում հիմնականում գործում էր մաքսային արժեքի որոշման վեց մեթոդներից չորրորդը՝ հսկիչ գների մեթոդը, որը հաշվարկվում էր նույնանուն ապրանքի շուկայական գնի մեթոդից: Այստեղ գործելու է մեկ միասնական տեղեկատվական բազա, և այդ նույն մեքենան, որ ներկրվել է Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան,   նույն մաքսային արժեքը պետք է լինի, և մեր ներկրողներն այլ հավասար պայմաններում եթե ոչ պատճաշ վարքագիծ դրսևորեն, ակնհայտ փաստի առաջ են կանգնելու»:

Կանոնակարգման դրական ազդեցությանն անդրադարձավ նաև Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ նախկինում, երբ ուզում էիր ինչ-որ երկրից մեքենա ներկրել, տարիֆների մասին գիրքը Սուրբ գրքի նման պահում էին ու ներկրողին ինֆորմացիա չէին տրամադրում.

«Երբ հարցում էիր անում Մաքսային միություն՝ ես ուզում եմ այս մեքենան ներկրել, ասում էին՝ բեր, կտեսնես, թե ինչ է սպասում, իսկ  հիմա՝ յուրաքանչյուրը կարող է հաշվարկել ծախսերը, որ տեսնես, եթե չես կարող ոտքդ քո վերմակի չափով ձգել, չես բերի»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս