
ՊԵԿ-ը նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց

Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ նպատակով կոմիտեի նախաձեռնությամբ տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել:
Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը և էլեկտրոնային առևտրում դրա կիրառման նպատակը: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը և կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։
ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ՝ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է վիրտուալ ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված օրենսդրական հարցերը և իրավական ակտերի փոփոխությունները, ինչպես նաև վիրտուալ ՀԴՄ կտրոնի վավերապայմանների սահմանումները:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են մի շարք հարցեր կապված վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթացի հետ։
Տնտեսվարողներն էլեկտրոնային առևտրի և վիրտուալ ՀԴՄ-ի վերաբերյալ հարցերը և առաջարկությունները գրավոր կարող են ներկայացնել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին: