«Հայկական չրերը մեծ պահանջարկ ունեն արտերկրում. մեր ամբողջ ֆերմերներով անգամ չենք կարող ապահովել այդ քանակը». Աննա Ասատրյան

Արարատի մարզի Զանգակատուն գյուղում Աննա Ասատրյանը որոշում է գյուղի մրգերն իրացնելու համար գտնել լավագույն տարբերակը և հիմնում է «Արփի» ընկերությունը, որը զբաղվում է՝ ինչպես բնական չրերի, այնպես էլ՝ օղու արտադրությամբ:

««Արփի» ընկերությունը հիմնվել է 2016թ., նպատակն էր՝ գյուղի մրգերի իրացման հարցը լուծել, որովհետև գյուղում ունենք բազմատեսակ մրգեր, բայց չունեինք իրացում: Բացի այդ, ես շատ մեծ սեր ունեմ բնական արտադրանքի նկատմամբ, ինքս աշխատում եմ բնական սնվել, քաղցր ոչինչ չեմ ուտում, բացի չրերից, և արդեն ինձ համար պատրաստում էի, որոշեցի մեծացնել, դարձնել մեծ արտադրանք, մարդիկ և՛ իրենց միրգն ինձ տան, և՛ աշխատեն ինձ մոտ: Այս պահին ունենք 4 աշխատող, նախատեսում ենք մինչև 10 աշխատող հաջորդ տարվանից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աննա Ասատրյանը:

«Պատրաստում ենք տարատեսակ չրեր և օղիներ՝ տանձից, խնձորից, սալորից, դեղձից, ծիրանից, այս տարի արդեն նաև լոլիկ ենք չորացրել: Չրերը բացառապես բնական են, ոչ մի տեսակի կոնսերվանտներ և շաքար չենք օգտագործում, որպեսզի կարողանանք ստանալ էկոլոգիապես մաքուր չրեր: Նախատեսում ենք նաև էկոսերտիֆիկատ ստանալ և արտահանել ԵՄ երկրներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ չրերի պահանջարկը մեծ է:

«Ամեն ապրանք ունի իր գնորդը, պետք է ճիշտ աշխատել, մարքետինգը լավ անել, և չի կարող չստացվել, հատկապես՝ չրի շուկայում: Հայաստանը փոքր է, բայց ունենք մեծ պատվերներ դրսից, և մեր ամբողջ ֆերմերներով անգամ չենք կարող ապահովել այդ քանակը չրի, որ կարողանանք դուրս արտահանել»,- ասաց նա:

«Արփի» ընկերության արտադրանքը կարելի է պատվիրել օնլայն՝ ֆեյսբուքյան էջի հասցեով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս