«Միջազգային գներ կան, և իրանական կողմը չի կարող գազի շատ բարձր գներ առաջարկել». Քեշիշյան

«Իրանական կողմի համար շահավետ և ձեռնտու է, որպեսզի իրանական գազը դուրս գա դեպի Հայաստան, և Հայաստանից՝ եվրասիական շուկա, վրացական-եվրոպական շուկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր,  վերլուծաբան Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի օրերս արած մեկնաբանություններին՝ իրանական գազը ՀՀ մատակարարելու թեմայի շուրջ:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ դեսպան Թումանյանն ասել էր, որ ռուսական գազի գինը ձեռնտու է մեզ, իսկ իրանական գազն ավելի լավ պայմաններով մեզ չի առաջարկվել։ Դեսպանի համոզմամբ՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարած այցի ժամանակ բաց տեքստով  հայտարարվել էր, որ Իրանը պատրաստ է ավելի մեծ քանակությամբ գազ առաքել Հայաստան, սակայն կան բազմաթիվ խոչընդոտներ այդ հայտարարությունն իրականություն դարձնելու համար։

«Գազի հետ կապված՝ մի ուրիշ գաղափար էլ կա։ Ըստ այդ իդեայի՝ թուրքմենական գազը կարող է մեր տարածաշրջանով անցնել, և այդ գազը կարող ենք փոխանակել իրանական գազի հետ։ Հայտարարեմ, որ ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, այն միջազգային գնից ցածր է, իսկ իրանական գազը, եթե անգամ մենք կանխիկով ստանանք, ավելի լավ պայմաններով մեզ չի առաջարկվել»,- ասել էր Իրանում ՀՀ դեսպան  Թումանյանը։

Մովսես Քեշիշյանն ասաց, որ իրանական կողմի համար շահավետ և ձեռնտու է, որպեսզի իրանական գազը դուրս գա դեպի Հայաստան, և Հայաստանից՝ եվրասիական շուկա, վրացական-եվրոպական շուկա: Ըստ նրա՝ իրանական կողմն այդ ուղղությամբ աշխատանք տանում է, այս ուղղությամբ բոլոր հնարավորությունները դիտարկվում են, տարանցման հնարավորությունները՝ ևս,  գազի խողովակի  մասին ևս մտածում են:

«Հիշում ենք, որ անցյալում ռուսական մենաշնորհն այս ոլորտում ճնշեց այս հեռանկարը, խոչընդոտեց, որպեսզի գազի խողովակի տրամագիծը փոքրանա, ինչը, հուսանք, նոր պայմաններում  այլ կլինի: Վերջին հաշվով, կա նաև  Իրանի մերձեցման հանգամանքը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը դրական գործոն է, այս համագործակցությունը կնպաստի նմանատիպ հարցերի լուծմանը: Գներին ես չեմ կարող անդրադառնալ՝ ասել, թե որն է էժան, որը՝ թանկ, բայց կան միջազգային գներ, և իրանական կողմը չի կարող շատ բարձր գներ առաջարկել: Այսինքն՝ վերջին հաշվով  իրանական գազն ավելի մոտ է հայկական սահմանին, ինքնաբերաբար փոխադրելու հարցում որոշ դրական  հանգամանքներ կլինեն, ավելի էժան կհասնի այն սահման: Իրանը հետաքրքրված է սրանով: Իրանը միտք ունի տարածաշրջանում իր հարևանների հետ հարաբերություններն ընդլայնել և այդ ընթացքն առաջ է տանում, շահագրգռված է նաև հայկական կողմով:

Ես կարծում եմ, որ գինն այս հարցում այնքան էլ գուցե նույնիսկ հետաքրքրական չլինի, որքան այլընտրանքի խնդիրը: Հայկական կողմը, ուզենա թե չուզենա, պարտավոր է ունենալ այլընտրանք ռուսական գազին:

Տարօրինակ թանկ լինել չի կարող, վերջին հաշվով, եթե իրանական կողմը գազ է մատակարարում տարբեր երկրներ, և գրեթե նույն գներն են, այնպես չէ, որ հայկական կողմին թանկ է  վաճառվում և վաճառվելու: Ռուսական կողմը ելնելով իր շահերից՝ ավելի էժան է պահում գները: Եթե նույնիսկ Հայաստանն իրանական գազը չի վերցնում, այլ օգտվում է սվոփ հնարավորություններից, դա Հայաստանի համար տնտեսապես շահավետ է, օգտավետ է: Ուստի կարծում եմ՝ անկախ դժվարություններից, այս այլընտրանքը կարևոր է Հայաստանի համար»,- ասաց Քեշիշյանը:

Տեսանյութեր

Լրահոս