«Ես որևէ կոնֆլիկտ պարոն Միքայելյանի հետ չունեմ». Ռոմանոս Պետրոսյան

Ամիսներ առաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները յուրօրինակ ջրբաժան դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու առանցքային անդամների՝ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի համար:

Սասուն Միքայելյանն Աբովյանի ՏԻՄ ընտրություններում կուսակցության ձախողման մեջ մեղադրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ինչին հաջորդեց Ռոմանոս Պետրոսյանի պատասխանը, որտեղ մասնավորապես նշվում է. «Ազնիվ չես նախ՝ ինքդ քո հանդեպ, ապա՝  քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործի»։

Մամուլում օրերս հայտնվեց մեկ այլ տեղեկություն, թե օր օրի ջերմանում են Սասուն Միքայելյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները:

Արդյո՞ք այս թեման քննարկվել է ներկուսակցական խոսակցություններում՝ փորձեցինք ճշտել Ռոմանոս Պետրոսյանից, ով, սակայն, հրաժարվեց մեկնաբանել լուրերը՝ նշելով, որ ճիշտ  չի համարում մեկնաբանել երրորդ անձանց միջև գոյություն ունեցող հարաբերությունները:

Մեր հարցին, թե՝ իր և Սասուն Միքայելյանի միջև կա՞ կոնֆլիկտ, Կոտայքի մարզպետը պատասխանեց. «Ես որևէ կոնֆլիկտ պարոն Միքայելյանի հետ չունեմ. ոչ մի խնդիր չկա, յուրաքանչյուրս զբաղվում է իր գործով»:

Ապա նկատեց, որ այս պահին իր համար առաջնահերթ են մարզում կատարվող բարեփոխումներն ու աշխատանքները. «Որևէ այլ՝ դրան խաթարող գործընթաց թույլ չեմ տալիս, որ լինի, ինքս էլ չեմ մտնում այդպիսի գործընթացների մեջ»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս