Բաժիններ՝

«Արդեն սեպտեմբեր ամիսն է, բայց դեռ անցած տարվա ցեմենտն ենք վաճառում». «Հրազդան ցեմենտ» գործարանի տնօրեն

Արդեն սեպտեմբեր ամիսն է, բայց դեռ անցած տարվա ցեմենտն ենք վաճառում: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հրազդան ցեմենտ» գործարանի տնօրեն Հայկազ Հովասափյանը:

«Այդտեղ մեծ խնդիրներ ունենք, մեր ցեմենտը չի վաճառվում, իրանական ցեմենտը էժանով բերել, լցրել են, մեր որակով ցեմենտը չի վաճառվում: Արդեն սեպտեմբեր ամիսն է, բայց մենք դեռ անցած տարվա արտադրանքն ենք վաճառում»:

Մամուլը գրել էր, թե Հրազդանում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ իրավիճակում. ղեկավարությունը ոչ միայն աշխատողների, այլև ծախսերի կրճատումներ է արել:

«Ընկերությունն անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ ահա այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 0 հարկային վճարում և չի հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում»։

Մեզ հետ զրույցում «Հրազդան ցեմենտի» հաշվապահն ասաց, որ բոլոր վճարումները պարտաճանաչ կատարում են, վաճառք են իրականացնում, հարկ չվճարել չեն կարող:

«Մենք Ավելացված արժեքի հարկ ենք տալիս, եկմտային հարկ ենք տալիս, ինչի՞ց ելնելով են նման բան գրել: Մենք մեր հարկային պարտավորությունները ամբողջությամբ կատարում ենք, անգամ մի կոպեկի տույժ չենք վճարել: Ամեն ինչ ժամանակին վճարում ենք, աշխատավարձերը ժամանակին վճարում ենք»:

Ըստ հրապարակման՝ ընկերության ղեկավարությունն աշխատոկիցների կրճատումներ էլ է անում:

«Կրճատումներ չեն եղել, մի քանի հոգի՝ տարիքի հետ կապված, իրենց դիմումի համաձայն՝ հեռացվել են աշխատանքից»:

Պետեկամուտների կոմիտեի Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկերից տեղեկանում ենք, որ «Հրազդան ցեմենտը» 2019-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում է եղել՝ վճարելով մոտ 68 միլիոն դրամ հարկ, երկրորդ եռամսյակում, սակայն, 1000-ի մեջ չի հայտնվել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս