
Արցախ ներմուծված ապրանքների ծավալն օգոստոս ամսվա ընթացքում աճել է 10.2%-ով

Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 11.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1 մլրդ դրամով կամ 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 10.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ:
Աղբյուրի հաղորդմամբ` ներմուծված ապրանքանյութական արժեքների 69.4 տոկոսը կամ 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները ներմուծվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով:
Արտահանված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված արտահանումները` կազմելով ընդհանուր արտահանման ծավալի 91.7 տոկոսը կամ 9.8 մլրդ դրամ: