Բաժիններ՝

«GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը «WCIT 2019»-ում կմիանա Քիմ Քարդաշյանին պանելային քննարկումների համար

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն հայտարարել է, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։

Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին։

«Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու մեր ոճը։ Ալեքս Չունգի մասնակցությամբ «Գաղափարների շուկա» պանելային քննարկումների նկատմամբ հետաքրքրությունն էականորեն կմեծանա»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը տեխնոլոգիաների ոլորտում հարուստ անցյալ ունի: Ավելի քան 500 միլիոն մարդ օրական 7 միլիարդ «GIF»-եր են ուղարկում միմյանց, որոնց դիտումներն օրական 11 ժամի են հասնում։ «GIPHY»-ն հարթակ է, որտեղ հազարավոր արտիստներ, ապրանքանիշեր և գործընկերներ օրվա տպավորություններն ավելի պատկերավոր են դարձնում։ «GIPHY»-ում օգտատերերը ոչ միայն կարող են փնտրել իրենց նախընտրելի «GIF»-երն ու «sticker»-ները, այլ նաև հրապարակել, ինտեգրել զանազան նյութերին, միմյանց հետ «կիսվել» և ավելին։

«GIPHY»-ն հիմնադրելուց առաջ Ալեքս Չունգն աշխատել է «Intel»-ում և «MTV»-ում, իսկ 20 տարվա ընթացքում՝ տասնյակ ստարտափներում։

«Business Insider»-ն Ալեքս Չունգին դասել է Նյու Յորքի 25 ամենաազդեցիկ տեխնոլոգների շարքին, «Fast Company»-ն՝ բիզնեսում ամենաստեղծարար մարդ է կոչել։ Ալեքս Չունգը փիլիսոփայության, ճարտարագիտության և գրաֆիկ-դիզայնի գիտական աստիճան ունի։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ «WCIT 2019»-ի բանախոսների ցանկն ու օրակարգը հասանելի են պաշտոնական կայքում՝ www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս