Բաժիններ՝

«Պուտինը սեպտեմբերի 16-ին Անկարայում կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ սեպտեմբերի 16-ին պլանավորված է Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացի եւ սիրիական կարգավորման օժանդակման երաշխավորների եռակողմ հանդիպումը,-ասել է նա:-Այդ հանդիպում կլինի Անկարայում, նախագահը կուղեւորվի այնտեղ»: Պեսկովը նաեւ հայտնել է, որ անցկացվելու են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերին Սոչիում: Ամփոփելով դրա արդյունքները՝ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ Սիրիայի տարածքում ապաէսկալացան գոտիների ստեղծումը չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչպես նաեւ կոչ են արել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր ուժերին՝ մասնակցել Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին (գաղափարը հնչեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2017 թվականի հոկտեմբերին «Վալդայ» համաժողովում):

Այնուհետեւ երեք երկրների նախագահների՝ սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված բանակցություններ են անցկացվել Անկարայում (2018 թվականի ապրիլին), Թեհրանում (2018 թվականի սեպտեմբերին) եւ Սոչիում (2019 թվականի փետրվարին), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս