«Մի տարի առաջ մեր գյուղը Եվրոպա էր, հիմա դարձել է 90-ականները». գնդեվազցիներն ուզում են, որ Ամուլսարի հանքը շահագործվի
Արդեն մեկ տարուց ավելի է՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքը կաթվածահար է: Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ Գնդեվազի բնակիչ Արսեն Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս մեկ տարվա ընթացքում մոտ 7 մլն դրամ եկամուտ է կորցրել՝ աշխատավարձի տեսքով.
«Շատ վատ վիճակում է գյուղն էս պահին, սոցիալապես շատ ծանր վիճակում է. մի տարի առաջ մեր գյուղը Եվրոպա էր, հիմա դարձել է 90-ականները: Միանշանակ կողմ եմ, որ հանքը շահագործվի, և ես համոզված եմ, որ այն անվնաս կշահագործվի: Ես այս մեկ տարվա մեջ մոտ 7 մլն դրամ եկամուտ եմ կորցրել՝ աշխատավարձի տեսքով»:
Գնդեվազի բնակչուհի Մանյա տատիկը մեզ հետ զրույցում նկատեց՝ այս մեկ տարվա ընթացքում համայնքի բնակիչների սոցիալական վիճակը շատ է վատացել.
«Ամուլսարում են ապրել էդ ժողովուրդը, հիմի կոտորվում են՝ փող չկա, հարկի տակ են մնացել, վարկ են վեկալել, կարում չեն մուծեն: Ամուլսարի նման 500 հատ կա Երևանում, ինչ ա լել, որ տենց են անում Ամուլսարին: Ամուլսարը թող աշխատի, մեղք են ժողովուրդը, չեք իմանում՝ ինչ վիճակում ենք: Ինչքան բարեկամ ունեմ՝ սաղ վարկ ունեն: Էն ժամանակ, որ Ամուլսարը աշխատում էր, շատ լավ էր, առևտուր էին անում, մարդիկ տներ են առել Երևան. մարդ կա, որ երկու-երեք տուն ա առել Երևանում»:
Գնդեվազի մեկ այլ բնակիչ՝ Վարդան Եղյանը, նշեց, որ համայնքում աշխատատեղեր չկան, բնակիչները բռնել են արտագաղթի ճամփան:
«Մարդիկ չեն աշխատում, երիտասարդները պարապ են մնացել, մի մասը դուրս է եկել, մի մասը գնացել է, չգիտեն՝ ինչ անեն: Մեզ մոտ աշխատատեղ չկա, մարդիկ կարտագաղթեն: Խնդիրը դա է: Այն ժամանակ երիտասարդներն աշխատում էին, ընտանիք էին ձևավորում, ապրում էին իրենց համար: Ես կողմ եմ, որ հանքը շահագործվի, իմ երեխեքը աշխատեն, պետությանը հարկ ու տուրք տան, պետությունը հզորացնեն: Ես դրան կողմնակից եմ: Հանքի փակվելուց հետո մեր համայնքից մարդիկ շատ են գնացել՝ և՛ Երևան քաղաք, և՛ Ռուսաստան»,- ասաց նա:
Ջերմուկ քաղաքի բնակչուհի Նարինե Առաքելյանն էլ 168.am-ին տեղեկացրեց, որ թեև ունի խանութ, սակայն առևտուր չի լինում, որովհետև գրեթե մարդ չի մնացել. «Ինձ մոտիկ մարդիկ կան, որ գնացել են արտերկիր՝ աշխատանք գտնելու մտքով, ինքս էլ արդեն ուզում եմ գնալ Ջերմուկից, քանի որ արդեն ահռելի չափով վարկեր ունեմ, ԴԱՀԿ-ից տուգանքներ ունեմ: Ամուլսարի շահագործման ժամանակ հաճախորդների քանակը շատ էր, մարդիկ աշխատանք ունեին: Ես խանութ ունեմ, բայց առևտուր չկա: Ես հիմա նույնիսկ իմ խանութը փակել եմ, որովհետև համարյա մարդ չի մնացել այստեղ:
Հանքը բացել-փակելու հետ կապված՝ լիարժեք վստահում եմ վարչապետի խոսքին, եթե ինքն այդպես է գտնում, ես լրիվ համաձայն եմ, վստահ եմ, որ ամեն ինչ ճիշտ կանի: Երեք տարի առաջ նորմալ վարկառու էի, որևէ խնդիր չունեի, իսկ Ամուլսարը փակելուց հետո վարկերս չեմ կարողացել փակել, գործերս ԴԱՀԿ-ում են: Մեկ տարի է՝ վարկերով վարկ եմ փակում, բայց մինչ այդ նորմալ աշխատում էի, մեծ ծախսեր եմ ունեցել, նույնիսկ կարողացել եմ արտասահմանից թանկարժեք դեղ գնել, երբ անհրաժեշտ էր: Իսկ հիմա չեմ կարողանում ոչինչ հասցնել»: