Բաժիններ՝

Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական. Թրամփ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական: Այդ մասին նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը:

«Ոչ»,- պատասխանել է Թրամփը այն հարցին, թե ինքը դիտարկում է արդյոք այդ տեղի համար Փոմպեոյի թեկնածությունը: «Ես Մայքլ Փոմպեոյի ետ խոսել եմ այդ մասին, մենք հիանալի փոխըմբռնում ունենք, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, բայց նա կնախընտրեր, որ այնտեղ ուրիշ մեկը լինի»,- ասել է Թրամփը եւ հավելել, որ ինքը համաձայն է պետքարտուղարի կարծիքին: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ պաշտոնանկ է արել Բոլթոնին: Նա նաեւ հայտնել է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ:

Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նրա ներկայիս տեղակալ Չառլզ Կապերմանը: Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ է թույլ տվել եւ ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարեւոր մարդկանց հետ:

Պետության ղեկավարի խոսքով՝ Բոլթոնն անընդունելի դիրք էր բռնել Վենեսուելայի նկատմամբ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի կարգավորման «լիբիական մոդելի» վերաբերյալ նրա կարծիքները միայն ձգձգել են դրա լուծումը, նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս