«Ցավոք, Նիկոլ Փաշինյանն այդ մակարդակին էլ է իջել, փորձում է երեխաների հաշվին ռեյտինգ, լայքեր, սրտիկներ հավաքել…». Տիգրան Քոչարյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ֆեյսբուքյան իր էջում հաճախ է տնտեսական ցուցանիշներ հրապարակող գրառումներ կատարում: Ըստ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի՝ սա հին PR տեխնոլոգիա է, որը չի աշխատում:
«Սա հին PR տեխնոլոգիա է, մանավանդ, որ ինքը վիճակագրական ընդհանուր հաշվարկից միշտ վերցնում է այն, ինչն իրեն դուր է գալիս, և դա է տեղադրում՝ առանց հասկանալու, որ հասկացող մարդիկ կարող են մտնել, ընդհանուր վիճակագրական տվյալները տեսնել, և բազմիցս արդեն եղել է, որ իրեն, կոպիտ ասած, այդ մանիպուլյացիայի վրա բռնացրել են, կամ՝ ինքն ուղղակի բան չի հասկանում տնտեսությունից, և իրեն բերում, ներկայացնում են այդ թվերը, ինքն էլ ուրախ-ուրախ տեղադրում է ու ասում՝ տեսեք, ինչ է կատարվում: Մեկ-մեկ աբսուրդային բաներ են լինում, մի քանի անգամ նաև թվեր է դրել՝ առանց իմանալու՝ որ ժամանակաշրջանի հետ ենք համեմատում, անցած տարվա՞, թե՞ անցած ամսվա, թիվը դուրը գալիս է: Դա ազդում է միայն իր ֆանատների վրա, որոնք դեռ էյֆորիայի մեջ են, և այն ֆեյքերի ֆաբրիկաների տերերի, որոնք պետք է այդ լուրերը տարածեն: Իրականությունը ցույց է տալիս, որ այն առանձնապես բան չի փոխում»:
Տիգրան Քոչարյանին զարմացնում է այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի փոխել Վիճակագրական կոմիտեի ղեկավար կազմին, որին մի ժամանակ մեղադրում էր «թվեր նկարելու» մեջ:
«Ամենայն հարգանքով Վիճակագրական կոմիտեի աշխատակիցների, իրենց պրոֆեսիոնալիզմի և ամենօրյա աշխատանքի հանդեպ, բայց ինչո՞ւ չի փոխում Նիկոլ Փաշինյանը Վիճակագրական կոմիտեի ղեկավարությանը, որոնք, ըստ իրեն, ժամանակին խաբել են ժողովրդին, թվեր են «նկարել», իսկ հիմա ինքը նույն մարդկանց հրապարակած թվերից օգտվում է: Ո՞րն է այստեղ ճշմարտությունը, ինչո՞ւ մենք չպետք է հավատայինք Սերժ Սարգսյանի ժամանակվա թվերին, բայց պետք է հավատանք Նիկոլ Փաշինյանի թվերին, որոնք Կառավարությանը տրամադրում են նույն մարդիկ»:
Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս «PR-ել այն, ինչն իրականում կա», հատկապես, որ այդպիսի բաներ կան:
«Ես իրեն խորհուրդ կտայի այն բաները PR-ել, որոնք իրականում կան, օրինակ՝ ասֆալտապատումը, Հայաստանի որոշ մարզերում խոշոր ասֆալտապատում է: Թող երևացող բաները ցույց տա, որովհետև որևէ երևացող աճ ժողովրդի եկամուտների և մնացած հարցերում չկա, եթե անընդհատ ինքն այդպիսի թվեր տեղադրի, ու ժողովուրդը տեսնի՝ չի աշխատում, հակառակ էֆեկտ է ունենալու, նույն հանրապետականների խնդիրն էր, որ ասում էին՝ 10 տոկոս աճ կա, բայց ժողովրդի գրպանի վրա դա չէր երևում: Ներկա պահին Փաշինյանն ինչ PR քայլ անում է՝ հակառակ է աշխատում, պետք է PR-շիկներին փոխի»:
Պակասել է նաև վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերների ազդեցությունը: Տիգրան Քոչարյանը դա նկատում է դիտումների քանակից:
«Պակասել է, դա կարելի է նկատել դիտումների քանակից, մեր բլոգերական աշխարհում այսպիսի բան կա, եթե անելանելի վիճակում ես դիտումների առումով՝ սկսիր երեխաներ կամ կատուներ տեղադրել: Ցավոք սրտի, ինքն այդ մակարդակին էլ է իջել, փորձում է երեխաների հաշվին ռեյտինգ, լայքեր, սրտիկներ հավաքել, որը, իմ կարծիքով, ամեն դեպքում չարժի»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ