Բաժիններ՝

Թրամփը կարող է Փոմպեոյին նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական. CNN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է գործող պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, այդ դեպքում վերջինս միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոնները: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Նրա աղբյուրների խոսքով՝ «Թրամփն այդ հնարավորությունը քննարկում է վարչակազմի այլ աշխատակիցների հետ»: Ինչպես նշում է հեռուստաալիքը, առայժմ պարզություն չկա այն բանի շուրջ, թե «որքան լրջորեն է քննարկվում այդ հնարավորությունը»:

Ինչպես արձանագրում է հեռուստաալիքը, վերջին անգամ այնպիսի իրադրություն, երբ նույն անձը միաժամանակ զբաղեցրել է նշված երկու պաշտոնները, եղել է մոտավորապես 50 տարի առաջ: Հենրի Քիսինջերը շուրջ երկու տարի միաժամանակ եղել է պետքարտուղար եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ պաշտոնանկ է արել Բոլթոնին:

Նա նաեւ հայտնել է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նրա ներկայիս տեղակալ Չառլզ Կապերմանը:

Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ է թույլ տվել եւ ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարեւոր մարդկանց հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ Բոլթոնն անընդունելի դիրք էր բռնել Վենեսուելայի նկատմամբ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի կարգավորման «լիբիական մոդելի» վերաբերյալ նրա կարծիքները միայն ձգձգել են դրա լուծումը, նշել է նա: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է, որ դիտարկում է ազգային անվտանգության հարցերով նոր օգնականի պաշտոնի հինգ թեկնածուներ Բոլթոնի փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս