Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը  նշանակել է բարձր պաշտոնի

Վերջերս պաշտոնանկ արված Սոցապծառայության սկանդալային պաշտոնյան վերադարձվել է պետական համակարգ և դարձյալ բարձր պաշտոն է զբաղեցնում: Խոսքը հեղափոխության «քայլարշավով» մինչև Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնին հասած Արսեն Օհանյանի մասին է, որը, ըստ հրապարակումների, ՍԱԾ-ում մի ամբողջ տարի զբաղված է եղել սևեր-սպիտակներ բաժանումով գործնթացներ  հրահրելով:

Սակայն Արսեն Օհանյանը, հիշեցնենք, հայտնվեց  բոլորի ուշադրության կենտրոնում 168.am-ի հայտնի հրապարակումից հետո, որում տեղ էին գտել  պետական պաշտոնյայի կողմից այդ մեկ տարվա ընթացքում արված սեռաքաղց գրառումներն ու ցենզուրայից դուրս բնորոշումներով ձևակերպումները՝  հայկական բանակի մասին:

Այս հրապարակումից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնյան ազատվեց աշխատանքից:

Եվ ուշագրավ է այն, որ խայտառակ գրառումներով հայտնի դարձած երիտասարդին վարչապետի որոշումից հետո իր մոտ է կանչել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և օրեր անց նրան նշանակել պատասխանատու օղակում:

Օգոստոսի 8-ից  հեղափոխական երիտասարդը Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավարի տեղակալն է։ Սա մի կառույց է, որն իր իրավասությունների շրջանակով և իրականացվող ծրագրերի քանակով, ֆինանսական շարժի ծավալով  ոլորտում ունի ազդեցիկ դերակատարում, և, կարելի է ասել, ընկալվում է՝ որպես երկրորդ նախարարություն:

Հիշեցնենք, ՍԱՊԾ-ում Արսեն Օհանյանը մեկ այլ հեղափոխական ղեկավարի տեղակալ էր նշանակվել դեռ անցած տարի և պարբերաբար հայտնվում էր ներքին կոնֆլիկտների  կենտրոնում: Պատճառը, ըստ աշխատակիցների, Արսեն Օհանյանի՝ ակտիվիստի հոգեբանությունից դուրս չգալն էր, նա այդպես էլ չի համակերպվել պետական կառավարման համակարգի կարգ ու կանոնին:

Ի դեպ, իր վերջին հայտնի գրառումներից մեկը, որով Օհանյանը հրապարակային  բողոքում էր իր չդիմանալու մասին, հասցեագրել էր հենց  վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Եվ դա արել էր պետական պաշտոնյան՝ իր հեղափոխական թիմակցի դեմ ՝ արհամարհելով  պետական համակարգում ընդունված  արարողակարգային ընթացակարգերն ու որոշ նրբություններ, ինչը հիմա էլ փաստացի խախտվում է նախարար Արսեն Թորոսյանի կողմից:

Նա փաստացի իր մոտ է վերցրել մեկին, որին  Փաշինյանն ազատել է չխայտառակվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս