Սկանդալային պաշտոնյան ազատվեց աշխատանքից

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) սկանդալային պաշտոնյայի մասին 168.amհրապարակումից հետո ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը աշխատանքային օրվա ավարտին իր մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Քննարկման է դրվել ՍԱԾ պետի տեղակալ Արսեն Օհանյանի թեման, ինչպես նաև ծառայության աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանին ազատել-չազատելու խնդիրը: Բուռն քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ պաշտոնից պիտի հեռանա ծառայության պետի տեղակալ Ա. Օհանյանը: Եվ քիչ առաջ, հավանաբար, վարչապետի աշխատակազմից վերջնական հաստատումը ստանալուց հետո, ոլորտը համակարգող նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրեց Արսեն Օհանյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանը: Թե ի՞նչ է նշվել հեղափոխական պաշտոնյայի ազատման հրամանում որպես հիմք՝ աղբյուրը չցանկացավ բացահայտել, այս մասին կտեղեկանանք առաջիկայում՝ նախարարության պաշտոնական հաղորդագրության բովանդակության միջոցով։

Հիշեցնենք՝ մարտ ամսից ՍԱԾ պետ նշանակված Սուրեն Ղամբարյանը, ում ևս հեղափոխական պաշտոնյաններն էին համակարգ բերել, սկսել է դժգոհել մինչ այդ՝ 2018թ. հուլիսից ծառայության պետի տեղակալ աշխատող Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքից, նրանք էլ ի պաշտպանություն իրենց կարգավիճակի, դիմել էին վերադաս նախարարին։ Բաթոյանը, սակայն, չէր միջամտել: Այս մասին մեր նախորդ հրապարակման մեջ հաստատել էր նաև նախարար Զ. Բաթոյանը:

Ծառայության ներսում ղեկավար կազմի հարաբերություները հետագայում էլ ավելի են սրվել, բողոքը հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այն բանից հետո, երբ ծառայության պետը այս երկու ենթականերին զրկել էր «Ֆեյսբուք»-ից և Youtube-ի ալիքից օգտվելու հնարավորությունից:

Ստացվում է՝ պետական համակարգի ծառայողի մտահոգությունը իրականում զվարճանքներից զրկելն է եղել, և ոչ այնքան ծառայության ներսում կառուցողական մթնոլորտի բացակայությունը, ինչը կհանգեցներ անարդյունավետ աշխատանքի:

Իսկ Սոցիալական ապահովության ծառայությունը, հիշեցնենք, բանակից հետո երկրորդ կարևորագույն ոլորտն է համարվում, որտեղ մուտք է գործում պետբյուջեի ամենամեծ՝ միլիարդավոր դրամների հասնող գումարը՝ բանակից հետո (շուրջ 30 մլրդ դրամ, այսինքն՝ բյուջեի՝ 30%-ը): Եվ այստեղ, ըստ էության, սոցիալական իրավունքի պաշտպանությունը պիտի ստանան հասարակության խոցելի խմբերը՝ երեխաներ, անապահով ընտանիքները, ծերերը, զինհաշմանդամները ու անօթևանները և ոչ թե հեղափոխական պաշտոնյաները, որոնք իրենց աթոռն ու բարձր աշխատավարձը պահելու համար փաստացի գնացել են ամենաէքստրեմալ քայլերի:

Պարզվում է՝ կառավարությունում ստացված բողոք-նամակներից հետո միջամտություն չի եղել: Եվ ահա, վերջին կաթիլը եղավ այն, որ ծառայության պետից վիրավորված՝ տեղակալ Արսեն Օհանյանն ու աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանը որոշեցին ֆեյսբուքյան գրառումներով իր լուր վարչապետի հանդես գալ ու հանրայնացնել պետական համակարգում եղած միջանձնային կոնֆլիկտը:

Մամուլում դրանց անդրադարձը բուռն քննարկումների պատճառ դարձավ, և այսօր փաստացի հարցը մտավ նախարար Զ. Բաթոյանի օրակարգ, խնդիրը հանգուցալուծվեց ազատման հրամանով:

Առավոտյան Զարուհի Բաթոյանի ստորագրած ազատման հրամանի մասին հաղորդագրությունը կտարածվի լրատվամիջոցներում:

Ի դեպ, Վանիկ Բաբաջանյանի մասով հարցը դեռևս օրակարգում կմնա, գնդակը վարչապետ Փաշինյանի դաշտում է, քանի որ աշատակազմի ղեկավարի նշանակումը վարչապետն է կատարում: Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր կառավարությունից խնդիր է դրված եղել՝ երկուսի հարցն այսօր ևեթ փակել մեկընդմիշտ, սակայն խորհրդակցության մասնակիցները հիմքերը ուսումնասիրելիս խոցելի վիճակում են հայտնվել, որոշվել է առժամանակ սպասել:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս