«Թաթան թե՛ առաջ, թե՛ հիմա, միշտ իր հարկերը վճարում է». Գրիգոր Նազարյանը՝ ՊԵԿ-ին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին հայտարարեց, որ վերջին նամակն են ուղարկել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, և եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:
Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել այն երգիչներին, ովքեր 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները: Երգիչների այդ ցանկում է նաև Թաթա Սիմոնյանը:
168.am-ը կապ հաստատեց Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ:
Նազարյանը պատասխանեց, որ դա ինչ-որ սխալմունք է եղել.
«Թաթան թե՛ առաջ, թե՛ հիմա, միշտ իր հարկերը վճարում է, և թող բոլորը իր պես օրինապաշտ լինեն»,- նշեց Նազարյանը և ավելացրեց, որ դրա պատճառը հավանաբար Թաթայի ՍՊԸ-ով իր գործունեությունը ծավալելն է:
«Երևի թե, որ նա անհատ ձեռներեց չի, ցանկում չեն տեսել, դրա համար սխալմունք է եղել: Թաթան իր գործունեությունը ՍՊԸ-ով է ծավալում և միշտ կատարել ու կատարում է իր հարկային վճարումները»,- ասաց Նազարյանը:
ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ