Գագիկ և Կարեն Խաչատրյանների խափանման միջոց կալանավորումը կբողոքարկվի. Պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա ազգական Կարեն Խաչատրյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց վերջիններիս պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը։

«Վերաքննիչ բողոքն արդեն ներկայացրել ենք, սակայն դատական նիստի օր դեռ նշանակված չէ»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ըստ  ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Կարդացեք նաև

«Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս