Հիմա ո՞վ պիտի պատասխան տա 1.5 տարվա անիմաստ կորստի ու երկրին հասցված վնասների համար

Երկար մանևրելուց հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որոշեց բացեիբաց հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ վերջը դա էր լինելու։ Այլ հարց, որ հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները կարծես պատրաստ չեն դրան ու շարունակում են շրջափակված պահել Ամուլսար տանող ճանապարհները։

«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը` ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ի պատասխան հանքի ճանապարհները բացելու վարչապետի կոչի` հայտարարեցին ջերմուկցիները։

Ահա այսպես։ Հիմա ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը։ Այն կառավարությունը, որը հայտնվել է իր հյուսած ծուղակում ու այժմ փորձում է այնտեղից դուրս գալ, բայց դա այլևս հեշտ չէ։ Մեկուկես տարի մարդկանց տրամադրել են, որ հանքը չի շահագործվելու, իսկ հիմա հանկարծ որոշել են, որ չէ՛, ճանապարհները պետք է բացվեն։ Խնդիրն այն չէ, ճանապարհները բացելը և հանքը շահագործելու հնարավորություններ տալը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ էին ժամանակին մարդկանց թյուրիմացության մեջ գցում։

Ամեն ինչ, անշուշտ, այլ կերպ կլիներ, եթե կառավարությունն իր տեղում լիներ։ Մեկուկես տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ Ամուլսարի ծրագրի արգելափակումը լուրջ խնդիր է դառնալու երկրի համար։ Որ այն կասեցնելու կամ արգելելու բավարար հիմքեր չկան։ Ու չնայած դա կառավարությունում շատ լավ գիտեին, այնուհանդերձ ժամանակին անթաքույց խրախուսում էին այն ամենը, ինչ կատարվում էր Ամուլսարի շուրջ։

Մեկուկես տարի կառավարությունը ոչինչ չարեց հանք տանող ճանապարհները բացելու համար։ Ոչինչ չարեց ոչ թե նրա համար, որ հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր էր պարունակում, այլ այն պատճառով, որ այդպես էր պահանջում իշխանության շահը։ Հասարակության շրջանում հեղափոխական էյֆորիան բարձր պահելու խնդիր կար։ Իսկ Ամուլսարը դրա համար վատ միջոց չէր։ Ու ոչինչ, որ դրանից տուժում էր երկիրը։

Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի ճանապարհների փակ լինելը «լրջագույն պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի» համար։ Որ շահագործում թույլ չտալը կարող է միջազգայնորեն խտրականության խնդիր առաջացնել` հաշվի առնելով, որ Հայաստանում կան այլ հանքեր։ Ասենք` Թեղուտը կամ Զանգեզուրը։ Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի հետ կապված կան տնտեսական և անվտանգության խնդիրներ։ Այնպիսի տպավորություն է, որ նախկինում այդ խնդիրներ չկային և նոր առաջացան։

Պարզ է, որ այդպես չէ։ Այդ ռիսկերը միշտ էլ եղել են ու կան։ Այսուհետ ևս լինելու են։ Ու եթե միայն հիմա է կառավարությունը դա գլխի ընկել, ապա շատ վատ է։ Վաղուց էր պետք այդ մասին մտածել։ Թե չէ բանը բանից անցել է` նոր կառավարությունը հիշել է Ամուլսարի ծրագրի դադարեցման հնարավոր տնտեսական հետևանքների ու վնասների մասին։

Խնդիրն այն գումարը չէ, որն անիմաստ ծախսվեց բնապահպանական փորձաքննություն անցկացնելու վրա։ Խնդիրն առաջին հերթին՝ ժամանակի անտեղի կորստի, երկրի տնտեսությանն ու  ներդրումային հեղինակությանը հասցված վնասների մասին է։

Երբ ի սկզբանե էլ հայտնի էին այն բոլոր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ Ամուլսարի ծրագրի շրջափակման հետևանքով, ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, և այն ի՞նչ տվեց մեզ։ Ո՞ւմ էր սա ձեռնտու։ Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե իր անպատասխանատու պահվածքի հետևանքով ինչպիսի վնասներ է հասցրել Հայաստանի տնտեսությանը ու դեռ հասցնելու է` անկախ նրանից՝ կշահագործվի՞ Ամուլսարը, թե՞ ոչ։

Այսօր արդեն ըստ էության որևէ նշանակություն չունի, որ վարչապետը կոչ է անում բացել հանք տանող ճանապարհները։ Գնացքը վաղուց գնացել է, և էական չէ` ծրագիրը կվերսկսվի՞, թե՞ ոչ։ Միևնույն է, այն արդեն թողել է իր բացասական ազդեցությունը։ Ու դեռ մեծ հարց է, թե ինչքան ժամանակ պետք կլինի երկրի ներդրումային հեղինակությունը վերականգնելու համար։

Առաջին հերթին այս մասին է պետք մտածել, և ոչ թե՝ ինչ-որ վարկերի տոկոսադրույքների կամ բանկերի վարկանիշերի։ Հայաստանի տնտեսությանը ոչ թե վարկեր, թեկուզ և էժան, այլ ներդրումներ են պետք։ Ներդրումներ, որոնք այդպես էլ չեն ողողում Հայաստանի տնտեսությունը, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանն իշխանափոխության նախօրյակին։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, բայց ներդրումներն այդպես էլ մնացին միայն բարի ցանկություն։ Ու դա զարմանալի չէ, երբ կառավարությունը կարող է հանգիստ նստել ու ամիսներ շարունակ ոչինչ չանել տնտեսության մեջ երբևէ իրականացված ամենախոշոր ներդրումային ծրագիրը փակուղուց հանելու համար։

Այսքանից հետո հիմա ինչ էլ ասվի` պոտենցիալ ներդրողներին այլևս հավատ չի ներշնչելու։ Ամուլսարի հետ կապված պատմությունն ամբողջությամբ խաթարել է վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Իսկ դա ամենամեծ հարվածն է։ Ներդրողների վստահությունը հեշտ չէ շահել։ Դա տարիների ծանր աշխատանք է, իսկ մենք մեկ հարվածով ամեն ինչ ջուրը գցեցինք։ Ու հիմա ստիպված ենք սկսել զրոյից։ Թե ի՞նչ կստացվի, դա էլ հարց է։

Խնդիրը, իհարկե, միայն պոտենցիալ ներդրողները չեն։ Ամուլսարի հետ կապված այս իրավիճակը չի կարող չմտահոգել նաև նրանց, ովքեր արդեն իսկ ներդրումներ են արել։ Ի՞նչ երաշխիք, որ վաղը նույնը տեղի չի ունենալու նրանց նկատմամբ։

Այդպես մտածելու հիմքեր, անշուշտ, կան։ Ու բնավ զարմանալի չէ, որ հնչում են նաև մտահոգություններ։ Առաջինն այդ մասին բարձրաձայնեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը` հայտարարելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի բացասական հետևանքների մասին։

«Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողներն ազդարարում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդար վերաբերմունքի»,- հայտարարեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը։

Անշուշտ, այս ամենից հետո ներդրողները չեն կարող վստահություն ունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ ու չեն ունենալու դեռ երկար ժամանակ։ Այդպես կլինի` անկախ նրանից՝ կվերսկսվի՞ Ամուլսարի շահագործումը, թե՞ ոչ։ Անցած մեկուկես տարում կառավարությունն ամեն ինչ արեց փչացնելու երկրի ներդրումային մթնոլորտը։

Պետք չէ զարմանալ, որ Հայաստանի տնտեսության մեջ այս տարվա առաջին կեսին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 16 մլն դոլար կամ շուրջ 5 անգամ պակաս, քան նախորդ տարի։ Սա, ըստ էության, պատասխանն է այն ամենին, ինչ տեղի է ունենում Ամուլսարի ու ընդհանրապես բազմաթիվ այլ տնտեսվարողների շուրջ։ Ի վերջո, կառավարությունը պետք է գիտակցի, որ տնտեսության մեջ ռիսկեր ու անկայունության մթնոլորտ ստեղծելով` ոչ մի լավ բանի չի հասնելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս