
ԵՄ-ն կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում

Եվրամիությունը կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում՝ զինված ուժերի ֆինանսավորմանն ու զարգացմանն օժանդակելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը:
«Եվրամիությունը երբեք ռազմական միություն չի լինի: Բայց Եվրամիության անդամ պետությունները բազմիցս ասել են, որ ընդհանուր գնումները նրանց զինված ուժերի համար առաջնահերթ նշանակություն ունեն »,- ասել է ֆոն դեր Լյայենը:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն միշտ կմնա Եվրամիության հավաքական անվտանգության համակարգը:
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ նոր ստեղծվող ստորաբաժանման համար պատասխանատու կլինի ֆրանսուհի Սիլվի Գուլարը, որը ֆոն դեր Լյայենի ծրագրի համաձայն, պետք է դառնա անվտանգության, տիեզերքի և ներքին շուկայի հարցերով եվրակոմիսար: