Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը չբացառեց իր վերադարձը

«Ուսանողների ակցիաները չեն դադարում, որովհետև տեսնում են, որ անարդարության որոշակի տարր կա՝ թե՛ խտրական վերաբերմունքի հետ կապված, թե՛ նաև իմ պաշտոնանկությունից հետո գիտխորհրդի կողմից 14 անվավեր քվեաթերթիկով ինձ պրոֆեսորի պաշտոնում դասավանդելու հնարավորություն չտալու»,- այս մասին նշեց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին Ժ/պ Ռուբեն Հայրապետյանը՝ 168.am-ի խնդրանքով անդրադառնալով ի աջակցություն իրեն կազմակերպվող ակցիաներին:

Նա հավելեց՝ ուսանողները պահանջում են արդարություն՝ անկախ հետագա արդյունքից:

Մեր հարցին ի պատասխան՝ Ռ. Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ պաշտոնից հեռանալուց հետո չի հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանին և կարծում է՝ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա. «Հետագայում՝ կախված գործողություների ընթացքից, կհասկանանք՝ իմաստ կա՞ քննարկելու, իմաստ կա՞ հասկանալու, թե ինչպիսի դիրքորոշում համատեղ ընդունենք, թե՞ ոչ»:

Խոսելով իր հնարավոր վերադարձին մասին՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ն նշեց.

«Իմ հիպոթետիկ վերադառնալը կամ չվերադառնալը պայմանավորված է երկու շահառուների ցանկությամբ՝ ուսանողների և պետության, բայց տվյալ դեպքում՝ կարող եմ ասել, որ այդ մեծ ցանկությունը տեսնում եմ միայն ուսանողների կողմից»: Նա, սակայն, չբացառեց վերադարձը՝ նկատելով, որ կա դրա հնարավորությունը, որն է՝ սպասվող ռեկտորի ընտրությունը:

Անդրադառնալով ԲՈԿ-ի կողմից իր ատենախոսության շուրջ մեկնաբանություններին ու դրա հարուցած աղմուկին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց.

«Արտագրված հատվածներ չեն եղել, այլ եղել են թարգմանված հատվածներ, որտեղ հղումները բացակայել են, որը համակարգային խնդիր է եղել, և ես շարունակում եմ պնդել, որ իմ ատենախոսության մեջ առկա խնդիրները նվազագույնն էին, որոնք առկա էին նախորդ համակարգում: Այդպիսի խնդիրներ առկա են եղել բոլորի աշխատանքներում, և շատ ավելի խորքային խնդիրներ: Ես անուններ կտամ, երբ որ հստակ փաստերը ներկայացվեն, և քանի որ շատ մարդկանց հետ կապված կան այդ խնդիրները, հիմա այդ հարցով ուսանողները պահանջում են արդարություն»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս