ԵՊՀ գիտխորհրդի նիստը թեժ է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել, որովհետեւ չի համաձայնել 30 աշխատակցի կրճատելու նրա որոշման հետ: Գեւորգյանը պատրաստվում է միակողմանի խզել արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը։

«Ճգնաժամային կառավարման կոչված Գեղամ Գեւորգյանը հասցրեց իր դեմ լարել ողջ համալսարանը. սա միայն անհնազանդներին իր թրի տակով անցկացնելու կռիվ չէ, նաեւ նյութական խնդիրներ են լուծվում` ստեղծել նոր արհմիություն եւ արհմիության ֆինանսական հոսքերը կառավարելի դարձնել»,- ասաց ԵՊՀ պատասխանատուներից մեկը:

Բայց չէ՞ որ Գեւորգյանը ԺՊ է եւ նոյեմբերի 25-ին կարող է լքել ռեկտորի պաշտոնը։ «Նա մեծ հավակնություններ ունի. կարծում է, որ սորոսական Հովհաննես Հովհաննիսյանին համալսարանը չի ընդունի, ինքը կմնա միակ ֆավորիտը։

Ընդ որում՝ եթե այդպես չլինի, ունի պահեստային տարբերակ` դառնալ ԳԱԱ պրեզիդենտ․ այդ ուղղությամբ եւս աշխատում է։ Ինչ վերաբերում է արհմիության հետ կոլեկտիվ պայմանագրի խզմանը, այն միակողմանի լուծելու իրավունք ինքը չունի, ու դա օրենքի բիրտ խախտում է. պետք է ունենա բոլոր աշխատակիցներիս, դեկանների համաձայնությունը»:

Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին հարցրինք` ռեկտորի պաշտոնակատարը ձեզ հետ քննարկե՞լ է պայմանագիրը լուծելու խնդիրը։

«Ո՛չ ռեկտորատի նիստում, ո՛չ կից խորհրդում հարցի մասին չի տեղեկացվել, պարզաբանում չի տրվել, պատճառների, նախադրյալների մասին որեւէ բան հայտնի չէ։ Ես, ինչպեսեւ մնացյալները, խնդրին տեղեկացել ենք մամուլից, արհմիության նկատմամբ ցայս որեւէ պրետենզիա չի եղել։ Կարծում եմ` գիտխորհրդի առաջիկա նիստին պետք է հնչեն պարզաբանումներ»:

Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն էլ է դատի տվել ԵՊՀ-ին՝ այլ աշխատանքի տեղափոխելու մասին ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս