
Հայ շախմատիստները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկությունում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Այն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը կմասնակցեն 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանն ուժերը կչափի Գրիգորի Օպարինի հետ, Արման Փաշիկյանը՝ Ֆիրուզա Ալիռեզայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Անտոն Դեմչենկոյի:
Մրցաշարին կմասնակցեն նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր Սևակ Մխիթարյանը: Սևյանի մրցակիցն է Թարի Արյանը, իսկ Մխիթարյանի մրցակիցն է լինելու Դմիտրի Անդրեյկինը:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:
Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է: