«Կինոնախագիծը ներկայացնում է արվեստագետի խոցելիության խնդիրը». FNE-ի անդրադարձը՝ Հովհաննես Գալստյանի «Թողություն» հեռուստասերիալի մասին
FNE (Film New Europe) տեղեկատվական պորտալ հոդված է հրապարակել «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողություն» հեռուստասերիալի մասին: Նշենք, որ այժմ ընթանում են հեռուստասերիալի նկարահանումները:
«FNE (Film New Europe) տեղեկատվական պորտալի ուշադրությունը «Թողություն» կինոնախագծի հանդեպ չափազանց կարևոր է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ռեժիսորը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Հայկական/Բուլղարական/Գերմանական հեռուստասերիալն ու գեղարվեստական ֆիլմը արտադրության մեջ է:
ՍՈՖԻԱ. Բուլղարական Jelfilm կինոընկերությունը ներկայումս մասնակցում է «Թողություն» մելոդրամատիկ հեռուստասերիալի ստեղծմանը, որի պրեմիերան տեղի կունենա Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, 2019-ի նոյեմբերին: Սերիալի հիմնական սյուժեն հիմք կհանդիսանա 120 րոպե տևողությամբ «Մետամորֆոզ» դրամայի համար: Երկու նախագծերի ռեժիսորը Հովհաննես Գալստյանն է, որոնք հայ-բուլղարա-գերմանական համատեղ արտադրություն են:
Կինոնախագիծը ներկայացնում է արվեստագետի խոցելիության խնդիրը, նրա կախվածությունը կապիտալից, բյուրոկրատական քաշքշուքներից ու խարդավանքներից, գործընկերների խանդից ու թշնամանքից: Ըստ «Ջելֆիլմի» ներկայացուցիչների, «պատմությունը ոգեշնչված է իրական իրադարձություններից և ի ցույց է դնում արվեստագետի դաժան ճակատամարտը՝ սեփական ստեղծագործությունը կյանքի կոչելու համար»:
Հիմնական կերպարների դերակատարներն են Խորեն Լևոնյանն ու Լիլիթ Հակոբյանը: Վերջինս ներկայացնում է Հաննովերի Բալետի Պետական Թատրոնը, նաև «Մետամորֆոզ» բալետի խորեոգրաֆն է, որի առանցքի շուրջ էլ կառուցված է կինոնախագիծը:
Կինոնախագիծը հայաստանյան «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության, Հայաստանի հանրային հեռուստատեսության և One Man Studio ընկերության, բուլղարական Jelfilm և գերմանական Clever Production ընկերությունների համատեղ արտադրություն է: Արտադրողներն են՝ Հովհաննես Գալստյանը, Մարգարիտա Գրիգորյանը, Միհրան Ստեփանյանը, Լաուրա Քլևերը, Վասիլի և Վիտալի Շարկևիչները:
Ինչպես հայտնեցին FNE-ին Jelfilm-ի ներկայացուցիչները, բյուջեն կկազմի 250.000 եվրո՝ հեռուստասերիալի համար և 650.000 եվրո՝ լիամետրաժ ֆիլմի համար: Նախագծին աջակցել են Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաև մասնավոր աջակիցներ, որոնց թվում՝ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Արդշինբանկը:
40 րոպե տևողությամբ տասնվեց մասերից կազմված սերիալի նկարահանումները կավարտվեն 2019թ. հոկտեմբերին, մինչդեռ ֆիլմի նկարահանումները կշարունակվեն նաև հեռուստասերիալի պրեմիերայից հետո և ֆիլմը պատրաստ կլինի ցուցադրության 2020թ. ամռանը: Նկարահանումները տեղի կունենան Հայաստանում, լիամետրաժ ֆիլմի հետարտադրության մի հատվածը կիրականացվի Բուլղարիայում և Գերմանիայում:
Արտադրության մասին.
Արտադրող՝
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն (Հայաստան)
Համաարտադրողներ.
Հայաստանի հանրային հեռուստատեսություն
One Man Studio production (Հայաստան)
Jelfilm (Բուլղարիա)
Clever Production (Գերմանիա)
Հեղինակներ.
Բեմադրող ռեժիսոր՝ Հովհաննես Գալստյան
Սցենարի հեղինակներ՝ Հովհաննես Գալստյան, Մարինե Զաքարյան
Բեմադրող օպերատոր՝ Միհրան Ստեփանյան
Դերերում.
Լիլիթ Հակոբյան, Խորեն Լևոնյան, Վիվիեն Բաստաջյան, Ֆրիդա Յորք, Սոս Ջանիբեկյան»:
FNE ինտերնետ պորտալը միասնական տեղեկատվական ցանց է, որ աշխարհի համար տեսանելի և լսելի է դարձնում Արևելյան Եվրոպայի, Բալկանյան ու Բալթյան երկրների կինոյում տեղի ունեցող էական գործընթացները, կինոարտադրության, վարձույթի, հեռուստատեսային շուկայի իրական պատկերը, միավորում է տարածաշրջանի պրոֆեսիոնալներին: FNE-ն հանդիսանում է Եվրոպական կինոյի մասնագիտական խոշորագույն և ամենահեղինակավոր տեղեկատվական աղբյուրներից մեկը: FNE լրագրողներն ու փորձագետները մշտապես ներկա են խոշոր կինոփառատոներում ու շուկաներում, նրանց փորձագիտական կարծիքը հաճախ որոշիչ է լինում փառատոների սելեկցիոներների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների համար: