«Թափանցիկ աշխատելու խոստումը պետք է վարչապետը պահի և գաղտնազերծի, թե ինչ են խոսել Սէֆիլյանի հետ հանդիպման ժամանակ». Գևորգ Պետրոսյան

Երեկ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է առկա քաղաքական իրավիճակը։

Հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանը նույնպես նշել էր, որ խոսել են երկրում առկա իրավիճակի շուրջ մտահոգությունների մասին։

«Խոսել ենք նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին, կարծում եմ՝ կշարունակենք խոսել, կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ որ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկել ու իրազեկելու ենք։ Հուսանք, ապագայում այս ուղղությամբ շփումն ավելի ինտենսիվ կլինի։ Մեզ անհանգստացնում է երկրում ստեղծված իրավիճակը, բոլորս էլ նկատում ենք, թե ինչպես են հները փորձում պատրաստվել ռևանշի, մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու տեղի ունենա այդ ռևանշը։ Մենք վարչապետին նաև կհուշենք, որ ՀՀԿ կազմակերպությունը վաղուց պետք է արգելված հայտարարվեր»,- ասել էր Ժիրայր Սէֆիլյանը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով հանդիպմանը՝ նշեց, որ ըմբռնումով են մոտենում վարչապետի և այլ քաղաքական գործիչների հանդիպումներին, պայմանավորվածություններին ու գործողություններին։ Սակայն կարևորում են, որ բոլոր հանդիպումները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ում միջև են տեղի ունենում՝ բխի երկրի և ՀՀ ժողովրդի առջև դրված խնդիրները լուծելու հրամայականից:

«Մենք նախանձով ու խանդով չենք վերաբերվում վարչապետի հանդիպումներին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ ուժի հետ հանդիպել է ոչ թե՝ պարզապես քաղաքացի, այլ՝ որպես վարչապետ, իսկ վարչապետն ի վերուստ խոստացել է աշխատել թափանցիկ, արդեն ինքը պետք է ասի, թե այս կամ այն ուժի հետ հանդիպումը որքանով է բխում այդ ժողովրդի առաջ իր ստանձնած պարտականությունները կատարելու հրամայականից»,- ասաց պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ ժողովրդի հետ թափանցիկ աշխատելու խոստումը պետք է վարչապետը պահի և գաղտնազերծի, թե ինչ են խոսել ու քննարկել Ժ. Սէֆիլյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչ վերաբերում է Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությանը, որ նախկին իշխանությունները  պատրաստվում են ռևանշի, իսկ իրենք այն ուժն են, որը չպետք է այդ ամենը թույլ տա, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ քաղաքական ռևանշները կանխելու միայն մեկ միջոց կա՝ ընտրությունները։

«Որևէ մեկն իրավունք չունի  ո՛չ զենքի ուժով, ո՛չ հոխորտալով ու սպառնալիքով կանխել մեկ այլ քաղաքական ուժի հավակնությունները, նպատակները։ Հերթական ընտրություններին դեռ չորս տարուց ավելի կա, պարզապես չեմ հասկանում, թե նրանք ինչ նկատի ունեն՝ ռևանշ ասելով։ Հիմա, եթե «Սասնա Ծռերն» իրենց ապագան պատկերացնում են Փաշինյանի հետ, սա իրենց խնդիրն է։ Այս պահին բավարարվում եմ՝ այսքանն ասելով, կլինե՞ն խորացող քաղաքական գործընթացներ, մենք կտանք մեր գնահատականը»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս