«Մինչև հեղափոխությունն արդարությունը դեֆիցիտ էր». Լարիսա Մինասյան
Ապրիլյան հեղափոխությունը բացառիկ էր, որովհետև բնակչությունը դուրս եկավ արդարության պահանջով: Արդարությունը դեֆիցիտ էր: «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը:
«Երբ ասում են, որ ապրիլյան հեղափոխություն բացառիկ էր, իսկապես այդպես է: Բայց այդ հեղափոխության համար երկու կարևոր բացառիկ բան բաց է թողնվում. մեկն այն է, որ հեղափոխությունը կատարվեց արդարության, արժանապատվության և հարգանքի լոզունգներով, և ոչ թե՝ կոռուպցիոն սկանդալի կամ նյութական կարիքից դրդված, ինչպես արվում է շատ երկրներում: Սա ունիկալ է մի երկրում, որտեղ թե՛ աղքատության մակարդակն է բարձր, թե՛ գործազրկությունը, թե՛ առհասարակ սոցիալական վիճակը: Սա հատկանշական էր այս հեղափոխության համար, և միաժամանակ մեծ նվեր է բոլորիս հեղափոխական իշխանությունից, որովհետև ամեն ինչ՝ լինի դա շրջակա միջավայրի վիճակ թե կոռուպցիա, գալիս է արդարադատության իրավունքի չլինելուց՝ դեֆիցիտից»:
Ըստ Լարիսա Մինասյանի՝ միայն արդար ընտրությունները, որոնք տեղի ունեցան ապրիլից հետո, բավարար չեն, որ մենք ասենք, որ մենք իրավական պետություն ենք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ