«Բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց լուծումը բացառիկ անկախ դատական համակարգ է պահանջում». Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝ հարցերը՝ կապված դատական իշխանության հետ, գնալով կուտակվում են: Նրա խոսքով՝ հիմա դատական համակարգում շարունակում են աշխատել մարդիկ, ովքեր մի շարք գործերով սխալ որոշումներ են կայացրել:

«Ես մի քանի օրինակ եմ բերել՝ կապված դատավորների հետ, որոնք մինչև հիմա աշխատում են: «Սասնա ծռերի» զինված ապստամբության փորձի ժամանակ երկու քաղաքացի, ովքեր առհասարակ ցույցերի հետ կապ չունեին, ոստիկանները մոտենում են, որ ստուգեն  փաստաթղթերը, և բռնության են ենթարկում քաղաքացիներին: Այդ բռնությունների հիմքով մեր կողմից քրեական գործ հարուցելու հաղորդումները մերժվեցին քննիչների կողմից: Բողոքարկեցինք դատարան: Առաջին ատյանը մերժեց: Վերաքննիչը մեկը բավարարեց, գտավ, որ մարդու իրավունքների խախտում է, և պետք է քննություն կատարվի, մյուս նմանատիպ գործը մեկ այլ դատավոր մերժեց»:

Արթուր Սաքունցի կարծիքով՝ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ենթադրում է բացառիկ անկախ դատական համակարգ: Նա ափսոսում է, որ դատական բարեփոխումների ծրագիրն այսքան ուշացումով է ներկայացվում:

«Երբ ինձ համոզում են կամ փորձում են համոզել, որ դատարանի անկախությունը չպետք է ոտնձգության ենթարկվի, ես համաձայն եմ, դրա համար էլ անընդունելի համարեցի վարչապետի կոչը դատարանների դռները փակելու վերաբերյալ, բայց անկախության նկատմամբ հարգանքի անվան տակ իր ամբողջ էությամբ այդ  դատական իշխանության «փչացածությունն» օգտագործվում է, ըստ քաղաքական նպատակահարմարության՝ որոշումներ է կայացնում թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ դրանից հետո, սա լուրջ խնդիր է: Սա ինքնակառավարվող անկախ կոռուպցիոն համակարգ է: Սրա լուծումը, սակայն, պետք է լինի իրավական ճանապարհով: Պետք է ընդունվեն օրենքներ»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս