«Հասարակությունն արդեն հոգնել է նույն PR գործիքակազմից». քաղտեխնոլոգ
Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն ու Երվանդ Զախարյանի դեմ հարուցված քրեական գործը հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում որակվեցին որպես PR տեխնոլոգիա՝ քաղաքական ու հասարակական խնդիրների հիմնական օրակարգից շեղելու համար:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համակարծիք է այս տեսակետների հետ, սակայն կարծում է, որ այն քիչ էֆեկտիվությամբ աշխատեց. «Հիմա տեխնոլօոգիան այսպիսին է՝ փորձում են հնարավորինս ուրիշ թեմաներով հագեցնել քաղաքական դաշտը, լրատվական դաշտը, նոր թեմաներով՝ դրանք կլինեն սպորտային, տնտեսական, քաղաքական: Նույն վարչապետը երեկ ֆուտբոլային խաղին զուգընթաց՝ մեդիա դաշտը զբաղեցնում էր նաև դրանով: Սա հասկանալի է, որ կան լուրջ խնդիրներ, որոնց լուծումը չի երևում, սակայն հասարակությունն արդեն հոգնել է նույն գործիքակազմից: Իշխանությունն այս՝ 2019 թվականի ամառ-աշուն սեզոնին օգտագործում է այն տրենդները, որոնք տրենդային էին անցյալ տարվա այս շրջանին:
Հիմա այլ թեմաներ են հետաքրքրում մարդկանց. այսօրվա PR գործիքակազմն էֆեկտիվ չէ, որովհետև ժամանակավրեպ է»:
Ըստ քաղտեխնոլոգի՝ PR տեխնոլոգիա է նաև Ն. Փաշինյանի կողմից ուտելիքի համտեսումը, որը բազմիցս քննարկումների առարկա է դարձել:
«Գուցե ինչ-որ թիրախային խմբերի դուր է գալիս»,- նշեց նա՝ հավելելով, որ դա ժողովրդականություն է ցույց տալիս:
Զարուհի Դիլանյան