
Եվրամիությունն Իրանին նախազգուշացրել է ԳՀՀԾ-ով պարտավորությունների հետագա կրճատումից

ԵՄ-ն Իրանին կոչ է անում ձեռնպահ մնալ հետագա բոլոր այնպիսի միջոցառումներից, որոնք խախտում են միջուկային գործարքը: Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։
Իրանն ավելի վաղ հայտարարել է միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երկրի՝ թվով երրորդ միջոցառումների մասին՝ որպես պատասխան միջոց ավելի քան մեկ տարի առաջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ, ինչպես հայտարարում են Թեհրանում, համաձայնագրին գործարքի եվրոպական մասնակիցների հանձնառության բացակայության:
«Մենք մեծ մտահոգությամբ ընդունեցինք Իրանի կողմից պարտավորությունների կրճատման երրորդ փուլի վերաբերյալ հայտարարությունը: Մենք միշտ հայտարարել ենք, որ ԳՀՀԾ-ի գործարքին մեր հանձնառությունը կախված է Իրանի կողմից դրա ամբողջական կատարումից»,-Բրյուսելում լրագրողներին հայտարարել է դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն «շարունակում է գնահատել Իրանի համապատասխանությունը, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունների հիման վրա»:
«Մենք կոչ ենք անում Իրանին՝ հրաժարվել ցանկացած գործունեությունից, որը չի համապատասխանում ԳՀՀԾ-ի պարտավորություններին, եւ ձեռնպահ մնալ ցանկացած այլ միջոցառումներից, որոնք խախտում են համաձայնագրի պահպանումն ու ամբողջական կատարումը»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ Թեհրանը որոշել է սեպտեմբերի 6-ից իրեն չկաշկանդել միջուկային գործարքով նախատեսված այն սահմանափակումներով, որոնք վերաբերում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններին ու մշակումներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: