
Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է փախստականների առաջ բացել դեպի Եվրոպա տանող դռները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի Իդլիբ շրջանից դեպի Թուրքիա գաղթականների սպասվող հոսքի մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:
Էրդողանը, դիմելով ԵՄ-ին, հայտնել է. «Այս պահին Իդլիբն է մեզ համար իրական սպառնալիք: Եթե աջակցելու եք մեզ, աջակցեք, հակառակ դեպքում, ներեցեք, բայց մենք ստիպված կլինենք փախստականների առջև բացել դռները դեպի Եվրոպա: Այդ բեռը միայն մե՞նք պետք է կրենք: Տեսնենք, թե դուք ինչպես եք կրելու»:
Էրդողանը նաև նշել է, որ այս հարցի լուծումը տեսնում է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտու ստեղծմամբ և ակնկալում է ԵՄ-ի աջակցությունը:
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: