«Հանդիպման գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է, այլ Արցախում սպասվող ընտրությունները». Քաղտեխնոլոգը՝ վարչապետի ու Սէֆիլյանի հանդիպման մասին

Երեկ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո «Սասնա ծռերի» քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է առկա քաղաքական իրավիճակը։

Հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանը նույնպես նշել էր, որ խոսել են երկրում առկա իրավիճակի շուրջ մտահոգությունների մասին՝ ասելով. «Խոսել ենք նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին, կարծում եմ՝ կշարունակենք խոսել, կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ որ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկել ու իրազեկելու ենք։ Հուսանք՝ ապագայում այս ուղղությամբ շփումն ավելի ինտենսիվ կլինի։

Մեզ անհանգստացնում է երկրում ստեղծված իրավիճակը, բոլորս էլ նկատում ենք, թե ինչպես են հները փորձում պատրաստվել ռևանշի, մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը։ Մենք վարչապետին նաև կհուշենք, որ ՀՀԿ կազմակերպությունը վաղուց պետք է արգելված հայտարարվեր»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպմանը և դրան հաջորդած վերջինիս հայտարարությանը, նշեց, որ հանդիպման գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է եղել, այլ Արցախում սպասվող ընտրությունները։

«Այստեղ, անկասկած, չի կարող լինել այն տեսակետը, որ «Սասնա ծռերը» քաղաքական պայքարին պետք է մասնակցեն կրկին զենքով, քանի որ, եթե բանը հասնի զենքին, ապա վարչապետն ավելի մեծ զենքի քանակ ունի և կարիք չունի օգնության կանչել նրանց։

Կրկնում եմ՝ հանդիպման գլխավոր նպատակն Արցախի ընտրություններն են, անկախ այն հանգամանքից, թե ինչ է ասել Ժիրայր Սէֆիլյանը»,- ասաց Արմեն Բադալյանը։
Նա հիշեցրեց, որ օգոստոսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշման համաձայն՝ Հայաստանից երկու կառույցի ներկայացուցիչներ պետք է գործուղվեն Արցախ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

«Մամուլում այս դիտորդական առաքելության մասին շատ է գրվել, մասնավորապես ենթադրվում է, որ նրանք պետք է հող նախապատրաստեն այնտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։ «Սասնա ծռերը» բավականին բացասական վերաբերմունք ունեն Արցախի ներկայիս ղեկավարների հանդեպ, և չի բացառվում, որ նրանք նույնպես կարող են այդ ընդհանուր գործողության մեջ իրենց դերակատարությունն ունենալ։ Այսինքն՝ այս ամենը մեծ ծրագրի կետերից մեկն է, այն է՝ աջակցել վարչապետին Արցախում նրա համար ցանկալի թեկնածուի հաղթանակի գործում»,- շեշտեց նա։

Քաղտեխնոլոգը նաև հավելեց, որ վարչապետի և Սէֆիլյանի հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ բնույթ կկրեն, քանի որ Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և այդ ընթացքում «Սասնա ծռերը» պետք է հասցնեն Արցախում շատ բան անել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս