Սթերջենը ցանկանում է Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի հասնել 2020 թվականին
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է Միացյալ Թագավորության կազմից ինքնավարության դուրս գալու հարցի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման հասնել արդեն 2020 թվականին: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 6-ին:
«Այո, արդեն հաջորդ տարի: Հարցումները ցույց են տալիս, որ շոտլանդացիները ցանկանում են անկախություն ձեռք բերել»,-պատասխանել է նա այն հարցին, թե Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) ձգտելու է արդյոք հասնել հանրահարցման:
Սթերջենը գտնում է, որ այժմ կկարողանա Բրյուսելի աջակցությունը կանխապահովել Մեծ Բրիտանիայից անջատվելու հարցում:
«Նախեւառաջ՝ Brexit-ն օգնեց հասկանալ, թե ինչու ենք մենք անկախություն ցանկանում: Երկրորդ՝ ոչ ոք չէր զարմանա, եթե ԵՄ-ն ողջուներ Շոտլանդիայի նման երկրի անդամակցումը միությանը: Բոլոր բանակցությունները, որոնք ես վարում էի կամ վարում եմ, վկայում են, որ Շոտլանդիայի ինքնիշխանության հարցում ԵՄ-ի դիրքորոշումը խիստ փոխվել է»,-հայտարարել է նախարարը: Սոցիոլոգիական հարցումների տվյալները, որոնք հրապարակվել են 2019 թվականի օգոստոսին, ցույց են տալիս, որ անկախության կողմնակիցների թիվը շոտլանդացիների շրջանում երկու տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է Մեծ Բրիտանիայից երկրի անջատման հակառակորդների թիվը: Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թվականին: Դրա մասնակիցների 55 տոկոսն արտահայտվել է Լոնդոնի եւ Էդինբուրգի միության պահպանման օգտին:
Սակայն տարածաշրջանում կառավարող Շոտլանդիայի ազգային կուսակցությունն օգտվել է ԵՄ-ին հետագա անդամակցության շուրջ համաբրիտանական հանրաքվեի արդյունքներից, որտեղ Շոտլանդիայի բնակչությունը, ի տարբերություն ամբողջությամբ վերցված Մեծ Բրիտանիայի, չպաշտպանեց Brexit-ը: Այս հանգամանքը առիթ է տվել անկախության շուրջ նոր հանրաքվեի գաղափարն առաջ մղելու համար, որը Սթերջենը պատրաստվում է կազմակերպել մինչեւ 2021 թվականին ներկայիս գումարման շոտլանդական խորհրդարանի լիազորությունների ավարտվելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: