
«Դորիան» փոթորիկը թուլացել է մինչև առաջին կատեգորիա

«Դորիան» փոթորիկը, որը հասել է Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափ, թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր – Սիմփսոնի սանդղակի: Սեպտեմբերի 6-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը կազմում է ժամում 145 կիլոմետր: «Դորիանն» այժմ գտնվում է Ուիլմինգթոն քաղաքից (Հյուսիսային Կարոլինա) մոտավորապես 64 կիլոմետր հեռավորության վրա եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ ծովեզերքի երկայնքով շարժվում է ժամում՝ 24 կիլոմետր արագությամբ:
CNN հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում փոթորկի զոհ է դարձել արդեն հինգ մարդ: Այժմ շուրջ 2 միլիոն ամերիկացի քաղաքացիներ, որոնք ապրում են ատլանտյան ափին, ծանուցված են տարահանման անհրաժեշտության մասին՝ «Դորիանի» մոտենալու պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: