Բահամներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի
Բահամներում «Դորիան» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի: Այդ մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հյուբերտ Մինիսը: Ընդսմին, Բահամների զբոսաշրջության եւ ավիացիայի նախարար Ջոյ Ջիբրիլուի խոսքով՝ անհետ կորածների թիվը կարող հասնել հազարի:
«Հասարակայնությունը պետք է պատրաստ լինի զոհվածների թվի ու մարդկային տառապանքների վերաբերյալ աներեւակայելի տեղեկատվության»,- նախազգուշացրել է Բահամյան կղզիների առողջապահության նախարար Դուեյն Սենդսը:
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունն իր հերթին հայտնել է, որ իրեն հաջողվել է փրկել 201 մարդու: Սեպտեմբերի 2-ին «Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիների հյուսիսային մաս: Դա ամենաուժեղ փոթորիկն է, որը երբեւիցե մոլեգնել է Բահամներում: Ժամում մինչեւ 298 կիլոմետր արագությամբ քամիներն ու տեղատարափները ավերել կամ լրջորեն վնասել են Բահամյան արշիպելագի կղզիների 70 հազար բնակիչների տների գրեթե կեսը:
ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի վերջին գնահատումների համաձայն՝ «Դորիանն» այժմ գտնվում է ԱՄՆ-ի Ուիլմինգթոն ափամերձ քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հարավ – արեւելք ընկած շրջանում եւ շարժվում է հյուսիսարեւելյան ուղղությամբ՝ վայրկյանում 5,9 մետր արագությամբ: Մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը կազմում է վայրկյանում շուրջ 44 մետր:
Կանխատեսումների համաձայն՝ «Դորիանը» Հյուսիսային Կարոլինայի ափի մոտ կգտնվի նաեւ սեպտեմբերի 6-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: