Նիկոլ Փաշինյանը միայն աշխարհագրորեն է գտնվելու ԱՄՆ-ում. Արմեն Աշոտյան

«Որևէ քաղաքական օրակարգ չկա ԱՄՆ-ի հետ՝ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով հայ-ամերիկյան հարաբերություններից և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ամերիկյան աշխատանքային այցի օրակարգից:

Ըստ նրա՝ առանց օրակարգի Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ զուտ աշխարհագրորեն է լինելու, քաղաքական տեսակետից նա ԱՄՆ-ում չի լինելու, քանի որ իր օրակարգը ՄԱԿ-ի ԳԱ-ն է Նյու Յորքում և Սփյուռքը:

«Սա ֆիքսենք: Եթե ՄԱԿ-ի գրասենյակը լիներ Բուրկինա Ֆասոյում, ինքն այս օրերին կմեկներ Բուրկինա Ֆասո»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ ՄԱԿ ԳԱ շրջանակում նրա այցը կարող էր հագեցած լինել երկկողմ հարաբերություններով, ամերիկյան բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներով:

Արմեն Աշոտյանն ասաց, որ որքան հասկանում է՝ ԱՄՆ-ի կողմից Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է հանդիպում փոխնախագահի հետ,  որը հայկական կողմը մերժել է, և այլ օրակարգ ամերիկացիները չեն ունեցել:

«Մտահոգիչ է մեկ այլ հանգամանք. երբ երկրի վարչապետն ասում է, որ ժողովրդավարությունը մեր արտաքին քաղաքական այցեքարտն է, նա առնվազն 20 տարի ետ է մնացել գլոբալ քաղաքականությունից, այդ թեզերը գլոբալ քաղաքականության մեջ կարող էին ինչ-որ տեղ վաճառվել 20-25 տարի առաջ: Այսօրվա աշխարհը շատ ավելի ցինիկ է, պրագմատիկ է, շատ ավելի սեփական շահը գերադասող է»,- ասաց նա:

Նրա գնահատմամբ՝ իշխանության եկած մարդիկ չեն հասկանում, որ արտաքին քաղաքականության մեջ իրենց թավշյա հեղափոխությունը չի վաճառվել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս