Մեծ Բրիտանիայում ինքնաթիռի ուղևորը փոխարինել է աշխատանքի չներկայացած օդաչուին
Մեծ Բրիտանիայում EasyJet ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը, որը Մանչեսթրից պետք է մեկներ իսպանական Ալիկանտե քաղաք, փոխարինել է օդաչուին, որն աշխատանքի չէր ներկայացել: Այդ մասին հայտնել է Manchester Evening News թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ուղեւորը՝ Մայքլ Բրեդլին, որն իր հետ վերցրել էր օդաչուի հավաստագիրը, իր ծառայություններն է առաջարկել այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաչուն չի ներկայացել աշխատանքի: EasyJet-ում ճշտել են, որ նրան թույլ են տվել հանրանավը վարել միայն մանրակրկիտ ստուգումից հետո:
«Դա միանգամայն համապատասխանում է կանոններին, քանի որ ուղեւորն իր հետ վերցրել էր թույլատրագիրը եւ անձը հաստատող փաստաթուղթը:
Անվտանգությունը միշտ էլ մեր գլխավոր գերակայությունն է»,-հրատարակությունը մեջբերում է ավիաընկերության ներկայացուցիչների խոսքը:
Արդյունքում թռիչքը կատարվել է ժամանակին՝ առանց ձգձգումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: