«Էս գործը ջուր է, այստեղ առնվազն իմ մասով ոչ մի հանցակազմ չկա». Դավիթ Սանասարյանը միջնորդություն կներկայացնի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել են իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։

«Նախաքննության մարմնի և դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով և կպատասխանենք բոլոր հարցերին։

Միևնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության և սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով և Ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձանց համար հայտնում եմ, որ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ, այդ թվում՝ օպերատիվ տվյալներ, առկա չեն։

Կից հրապարակում եմ ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները։

Արդարությունն անպայման վերականգնվելու է։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:

168.am-ը Դ. Սանասարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վստահ է, որ միջնորդությունը կբավարարվի: Ի պատասխան՝  նա ասաց.

«Վստահ չեմ, ամեն դեպքում նախորդ միջնորդություններից միայն մեկ  միջնորդություն են բավարարել՝ զննում կատարելու մասին, մնացածի վերաբերյալ  թող իրենք որոշեն. մեզնից հասնում է միջնորդություն անելը:

Էս գործը ջուր է, այստեղ առնվազն իմ մասով ոչ մի հանցակազմ չկա, մնացածն ասուլիսի ժամանակ կներկայացնենք»:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ասուլիսը կկայանա սեպտեմբերի 15-ից հետո:

Հիշեցնենք` ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում:

ԿԱՐԵՎՈՐ Սիրելի ընկերներ, Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ…

Gepostet von Davit Sanasaryan am Donnerstag, 5. September 2019

Զարուհի Դիլանյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս